Շվեդուհի կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող ՄԱԿ-ի COP31 կլիմայական համաժողովում խիստ քննադատության է ենթարկել համաշխարհային առաջնորդներին, գրում է The Guardian-ը։

Նրա գնահատմամբ՝ մոլորակը պարզապես չի կործանվում. այն ոչնչացնում են մարդիկ, այդ թվում՝ նրանք, ովքեր խոստանում են պաշտպանել այն։

«Մոլորակը չի մահանում, այն սպանում են, և մենք գիտենք՝ ով է դա անում»,- հայտարարել է Թունբերգը մեծ թվով մասնակիցների հավաքած մամուլի ասուլիսում։

«Այն սպանում են հենց այն մարդիկ, որոնցից ակնկալում են, որ կգան մեզ օգնության։ Ոչ ոք չի գալու մեզ փրկելու»,- ընդգծել է ակտիվիստը։

Նա նաև կոչ է արել պաշտպանել մարդու իրավունքները, երբ դրանք վտանգվում են պետությունների և այլ ինստիտուտների կողմից։

Թունբերգի համոզմամբ՝ նման հանգամանքներում մարդիկ պարտավոր են պատասխանատվություն ստանձնել և պայքարել բոլորի իրավունքների համար։

Նրա հետ մամուլի ասուլիսին Նեպալից, Ավստրալիայից, Պաղեստինից և Կանադայից ակտիվիստներ են մասնակցել։ Նրանք կառավարություններին մեղադրել են կլիմայական ճգնաժամի պայմաններում անգործության մեջ և կոչ արել դադարեցնել թուրքական էներգակիրների մատակարարումներն Իսրայել։ Թունբերգը հայտարարել է, որ այդ մատակարարումներն ուղղակիորեն կապված են Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունների հետ, որտեղ, իր բնորոշմամբ, ցեղասպանություն է իրականացվում։

Ակտիվիստը նախազգուշացրել է, որ աշխարհը շարժվում է դեպի մի ապագա, որտեղ ավելի շատ ցեղասպանություններ և բնապահպանական աղետներ կլինեն, մարդկանց հիմնարար իրավունքները վտանգի տակ կհայտնվեն, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքները կվերածվեն շքեղության։

Թունբերգը չի մասնակցել ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովներին 2021 թվականից ի վեր, երբ Գլազգոյում անցկացված համաժողովում քննադատել էր բանակցությունները՝ դրանք անվանելով դատարկ խոսակցություններ։ Վերջին տարիներին նա ընդլայնել է իր հասարակական գործունեության թեմաների շրջանակը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով, մասնավորապես, պաղեստինցիների վիճակին։

COP31-ին նրա ներկայությունը զգալի հետաքրքրություն է առաջացրել համաժողովի մասնակիցների շրջանում. մամուլի ասուլիսի ավարտից հետո շատերը փորձել են մոտենալ ակտիվիստին և զրուցել նրա հետ։