Թբիլիսիի քաղաքային դատարանը երգչուհի Սոֆո Բաթիլաշվիլուն մեղավոր է ճանաչել մանր խուլիգանության մեջ և նրան տուգանել 3 հազար լարիով (մոտ 1100 դոլար)՝ Facebook-ում «Օլե, օլա» երգի սեփական տարբերակը հրապարակելու համար, որը պարունակում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հասցեին հայհոյանքներ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։
Երգչուհին երգը հրապարակել է հոկտեմբերի 8-ին։ Հոկտեմբերի 21-ին Վրաստանի ՆԳՆ-ի՝ ատելության խոսքի դեմ պայքարի վարչության աշխատակից Թամար Ռեզեսիձեն վարչական իրավախախտման արձանագրություն է կազմել։ Գործը քննել է դատավոր Կոբա Չագունավան։
Բաթիլաշվիլիի դեմ վարույթը հարուցվել է Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ հոդվածով, որը մանր խուլիգանության համար նախատեսում է տուգանք՝ 500-ից մինչև 3 հազար լարիի չափով, կամ վարչական կալանք՝ մինչև 20 օր ժամկետով։
Երգչուհու պաշտպանական կողմը հայտարարել է, որ նրան պատասխանատվության ենթարկելը հակասում է Վրաստանի Սահմանադրությանը, որը երաշխավորում է կարծիքի արտահայտման և ստեղծագործության ազատությունը։
ՆԳՆ ներկայացուցիչներն իրենց հերթին պնդել են, որ հայհոյանքներ պարունակող երգը վիրավորում է լայն հանրությանը և «Վրացական երազանքի» կողմնակիցներին։ Որպես ապացույց՝ գերատեսչությունը ներկայացրել է քաղաքացիների դիմումներ, որոնցում, իր պնդմամբ, հաղորդվում էր երգի պատճառով ծագած բախումների մասին։
«Օլե, օլա»-ի հիմքում «Վրացական երազանքի» դեմ ուղղված՝ հայհոյանքներ պարունակող բողոքի վանկարկում է։ 2024 թվականի վերջին այն հայտնի դարձավ հակակառավարական ակցիաների ժամանակ և լայնորեն տարածվեց TikTok-ի վրացական տիրույթում։ Բողոքի ցույցերը սկսվեցին վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո, ըստ որոնց իշխանությունները մինչև 2028 թվականը Եվրամիությանը Վրաստանի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը չեն բարձրացնելու։
Բողոքի օրհներգի ամենահայտնի երաժշտական տարբերակի հեղինակը էլեկտրոնային երաժիշտ Kordz-ն է, որի իրական անունը Ալեքսանդր Կորձայա է։ Նա բազմիցս ենթարկվել է իշխանության ներկայացուցիչների քննադատությանը: 2026 թվականի հուլիսին Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են երաժշտի վրա։
2026 թվականի սեպտեմբերին Դանիական մշակութային ինստիտուտը, վկայակոչելով անվտանգության նկատառումները, չեղարկել է փառատոնը, որի գլխավոր կատարողը պետք է լիներ Kordz-ը։




























