Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հետ շփումների շրջանակում հումանիտար ոլորտում նոր խոշոր քայլի նախապատրաստման մասին։ Դրա մասին նա հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպմանը, գրում է «Коммерсантъ»-ը։
«Գիտեմ, որ առնվազն մեկ ուղղությամբ մենք դրական արդյունք ունենք՝ հումանիտար ուղղությամբ. երկու կողմերում պահվող անձանց փոխանակում, և ահա այս ուղղությամբ ևս մեկ խոշոր քայլ է նախանշվում»,- ասել է Պուտինը, որի խոսքերը մեջբերում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում անցկացված՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների եռակողմ բանակցություններում կողմերը պայմանավորվել են ռազմագերիների փոխանակման մասին։
Ուիթքոֆը դրական է գնահատել բանակցությունների արդյունքները։ Ըստ նրա՝ նախապատրաստվող փոխանակումը կլինի երկու երկրների միջև խոշորագույններից մեկը և վկայում է հակամարտության կարգավորման գործում առաջընթացի մասին։
«Ջարեդը և ես դրական ենք գնահատում այս բանակցությունների ընթացքը։ Նման դրական պահերից մեկը գերիների նախապատրաստվող փոխանակումն է։ Սա երկրների միջև իրականացվելիք ամենամեծ փոխանակումներից մեկն է։ Կարծում եմ՝ սա ցուցանիշ է, որ մենք առաջընթաց ենք գրանցում այս հակամարտության կարգավորման գործում»,- հայտարարել է ԱՄՆ հատուկ բանագնացը։
Նախօրեին ռուսական բանակցային պատվիրակության անդամ, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկատվության վարչության պետի առաջին տեղակալ Ալեքսանդր Զորինը հայտնել է, որ Աբու Դաբիում համաձայնեցված փոխանակումը կարող է տեղի ունենալ առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների վերջին փոխանակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին։ Այդ ժամանակ յուրաքանչյուր կողմ մյուսին է փոխանցել 270-ական մարդու։




























