Նոյեմբերի 1-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Դիմիտրով գյուղի վարչական տարածքում, «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզային քրեական վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, «Ադանա» ռեստորանային համալիրի տարածքում մի կողմից՝ Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Վիրաբ Ա․-ն, Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Գևորգ Ս․-ն, Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Վանիկ Ս․-ն, մյուս կողմից՝ Երևանի բնակիչ 44-ամյա Ցոլակ Ղ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա Ռոմա Պ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Ավետիք Գ․-ն, 24-ամյա Անդրանիկ Գ․-ն, Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Հրանտ Ա․-ն, իսկ երրորդ կողմից՝ Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Վահան Մ․-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցները խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։