Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ վարչապետ Բինյամին Նեթանյահուի հեռացող իշխող կոալիցիան ռազմական գործողությունները վերսկսելու մասին որոշումներ ընդունելու համար ընդդիմության համաձայնության կարիքը չունի։ Նրա հայտարարությունը հնչել է զսպվածության կոչերի ֆոնին։
«Մեզ պետք չէ ընդդիմության կամ որևէ իրավական մարմնի հավանությունը, որպեսզի բանակը հարվածներ հասցնի իր գործողությունների ցանկացած ուղղությամբ»,- X սոցիալական ցանցում գրել է Կացը։
Ընդ որում, նա ուղղակիորեն չի հիշատակել Իրանը։
«Իսրայելի անվտանգության ապահովումը չի դադարեցվում և չի սպասում զուգահեռ ընթացող քաղաքական գործընթացներին»,- հավելել է նախարարը։
Նրա գնահատմամբ՝ «ուղղակի և անմիջական սպառնալիքի» բացակայության պայմաններում ուժի կիրառումը կարող է «աղետալի հետևանքներ ունենալ իսրայելական ժողովրդավարության և քաղաքացիների վստահության համար»։
Անցյալ ամիս նախընտրական քարոզարշավի ընթացքում Նեթանյահուն բազմիցս սպառնացել է վերսկսել Իրանի հետ պատերազմը։
Ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Գադի Այզենկոտն ավելի վաղ վարչապետի պարտականությունները կատարող Նեթանյահուին կոչ էր արել զսպվածություն ցուցաբերել, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
Հինգշաբթի Նեթանյահուն համաձայնել է հանդիպել Այզենկոտի հետ՝ ազգային անվտանգության հարցերը քննարկելու համար։




























