Հայտնի ռուս ռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմը, որը Կաննի կինոփառատոնում ստացել է Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի (FIPRESCI) ժյուրիի մրցանակը, կներկայացվի Երեւանում «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնում: Այս մասին հայտնել են կինոփառատոնի մամուլի ծառայությունից:

Լոզնիցան երկու անգամ արդեն մասնակցել է «Ոսկե Ծիրանին. 2006 թվականին նա ներկայացրել է «Շրջափակում» վավերագրական ֆիլմը, իսկ 2010-ին` «խաղարկային ֆիլմ» անվանակարգում արժանացել է «Արծաթե Ծիրան» հատուկ մրցանակի:

Նշենք, որ «Ոսկե Ծիրան» միջազգային 9-րդ կինոփառատոնը Երեւանում կանցկացվի հուլիսի 8-15-ին:

Փառատոնն անցկացվում է 2004 թվականից եւ համարվում է տարածաշրջանում ամենահեղինակավոր փառատոններից մեկը:

2010-ին «Ոսկե Ծիրանն» արժանացել է Կինոյի, հեռուստատեսության եւ սպորտի Ficts Plate D'honneur միջազգային միության գլխավոր մրցանակին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: