Լիտվայի ֆինանսների նախարար Տաուրիմաս Վալիսը Rapporteur պարբերականին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը կավարտվի հենց այս ձմռանը։
Նրա կարծիքով՝ դրան կարող են հանգեցնել ռուսական բանակի հսկայական կորուստները, Մոսկվայի տարածքային աննշան ձեռքբերումները և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշումը։
«Հուսով եմ՝ Ուկրաինայում պատերազմը կդադարի այս ձմռանը։ Ներքին կանխազգացում ունեմ, որ այն կավարտվի»,- հայտարարել է Վալիսը։
Նախկինում նա զբաղեցրել է Լիտվայի փոխարտգործնախարարի պաշտոնը։
Որպես փաստարկներից մեկը՝ նախարարը վկայակոչել է ՆԱՏՕ-ի գնահատականները, ըստ որոնց՝ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ մարտերում ամեն ամիս կորցնում է մոտ 40 հազար զինծառայող։ Ըստ Վալիսի՝ անցած ամիս այդ ցուցանիշը հասել է 52 հազարի։
Վալիսը մեկ այլ հնարավոր ուղենիշ է համարել հիշարժան ամսաթվերին մեծ նշանակություն տալու Ռուսաստանի հակվածությունը։ Նրա կարծիքով՝ պատերազմը կարող է ավարտվել մինչև հաջորդ տարվա փետրվարի 24-ը՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկի հինգերորդ տարելիցը։
Վալիսը կարծում է նաև, որ Թրամփը շահագրգռված է իր նախագահական ժամկետի մնացած երկու տարիներին արտաքին քաղաքականության ոլորտում արդյունքներ գրանցելու հարցում։ Ըստ նրա՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը և դրա հետևանքով էներգակիրների համաշխարհային գների աճը կարող են ԱՄՆ նախագահին մղել Թեհրանի և Մոսկվայի միջև կապերը թուլացնելու փորձի։
Նախարարը հիշեցրել է, որ Իրանը Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է մատակարարում, որոնք օգտագործվում են Ուկրաինայի դեմ պատերազմում։ Նրա կարծիքով՝ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները կարող են դառնալ Վաշինգտոնի հետագա որոշումների վրա ազդող գործոններից մեկը։
Վալիսը նշել է նաև, որ Լիտվան, հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքն ու Ռուսաստանի հետ պատմական հարաբերությունները, կարող է ներդրում ունենալ խաղաղ գործընթացում։ Հունվարին երկիրը Իռլանդիայից կստանձնի ԵՄ խորհրդի նախագահությունը՝ վեց ամիս ժամկետով։ Նախարարը հնարավոր է համարում, որ հակամարտության կարգավորումը կդառնա Լիտվայի նախագահության թեմաներից մեկը։
Միաժամանակ նա զգուշացրել է, որ Եվրամիությունը պետք է Ուկրաինային անվտանգության և ֆինանսական աջակցության առավելագույն հնարավոր երաշխիքներ տրամադրի, ինչպես նաև արագացնի նրա անդամակցությունը ԵՄ-ին։ Վալիսի կարծիքով՝ առանց նման երաշխիքների Ուկրաինան վտանգում է կրկնել Վրաստանի սցենարը, որը 2008 թվականին Ռուսաստանի հետ պատերազմից հետո հայտնվեց երկարատև սառեցված հակամարտության պայմաններում և հետագայում կրկին մերձեցավ Մոսկվայի հետ։
Նախարարն ընդգծել է, որ Ուկրաինան չպետք է ընկալվի բացառապես որպես պատերազմի զոհ կամ Եվրոպայի համար ֆինանսական բեռ։ Ընդհակառակը, ըստ նրա՝ երկիրն ունի Եվրոպայի ամենաուժեղ բանակը, մարտական պայմաններում փորձարկված տեխնոլոգիաներ և ռազմական փորձի ու մշակումների արտահանման զգալի ներուժ։





























