ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել 73-ամյա Ջեյմս Պավատին, որը դատապարտվել էր 2001 թվականին իր սիրուհու ամուսնուն սպանելու համար, հայտնում է Associated Press-ը։

Մահապատիժն իրականացվել է մահացու ներարկման միջոցով՝ հինգշաբթի, Օկլահոմա նահանգի Մաքալեսթեր քաղաքի բանտում։ Պավատի մահն արձանագրվել է տեղական ժամանակով 10։12-ին, հայտնել է նահանգի ուղղիչ հիմնարկների դեպարտամենտի ներկայացուցիչ Լենս Ուեսթը։

Պավատը մեղավոր է ճանաչվել գովազդային ընկերության 39-ամյա ղեկավար Ռոբ Էնդրյուի՝ առաջին աստիճանի սպանության և սպանություն կատարելու նպատակով դավադրության համար։ Տղամարդուն հրազենով սպանել էին Օկլահոմա Սիթիում գտնվող տան ավտոտնակում, որտեղ նա նախկինում ապրել էր կնոջ հետ։ Էնդրյուն եկել էր իր երկու փոքրահասակ երեխաներին տանելու՝ Գոհաբանության տոնից առաջ։

Պավատը հաճախում էր նույն եկեղեցին, ինչ Էնդրյուների ընտանիքը, և սիրային կապի մեջ էր սպանվածի կնոջ՝ Բրենդա Էնդրյուի հետ։ Նրան դատել են առանձին և նույնպես մահապատժի դատապարտել։

Սպանությունից մի քանի շաբաթ առաջ Ռոբ Էնդրյուն ոստիկանությանը հայտնել էր, որ ինչ-որ մեկը փորձում է սպանել իրեն. իր ավտոմեքենայի արգելակային ճկափողերը կտրել էին։ Ամուսնու մահից հետո Բրենդան հայտարարել էր, որ ամուսինների վրա հարձակվել են դիմակավորված անհայտ անձինք, որոնք կրակել են իր ձեռքին և մահացու վիրավորել Էնդրյուին։

Սպանությունից հետո Պավատն ու Բրենդա Էնդրյուն կնոջ երկու երեխաների հետ մեկնել էին Մեքսիկա։ Նրանց ձերբակալել էին երեք ամիս անց՝ ԱՄՆ վերադառնալիս։

Անցյալ ամիս ներման հարցով լսումների ժամանակ Պավատը հերքել էր, որ կրակել է Էնդրյուի վրա, և հայտարարել, որ հավատացել է Բրենդայի խոսքերին, որին սիրահարված էր։ Նրա ասելով՝ միայն դատավարության ընթացքում է սկսել հասկանալ, թե որքան ուժեղ է կինը մանիպուլյացիայի ենթարկել իրեն։ Դատախազները պնդել են, որ զույգը համատեղ է ծրագրել սպանությունը, և երկուսն էլ հավասար պատասխանատվություն են կրում՝ անկախ նրանից, թե ով է կրակել։

Հինգշաբթի օրը Թեքսասում նախատեսված էր նաև 46-ամյա Ջոն Ալեն Ռուբիոյի մահապատիժը, որը դատապարտվել էր 2003 թվականին երեք փոքրահասակ երեխաների սպանության համար։ Խոսքը երեքամյա Խուլիսա Կեսադայի, 14 ամսական Ջոն Է. Ռուբիոյի և երկամսական Մերի Ջեյն Ռուբիոյի մասին է։ Երեխաներին գլխատված գտել էին Մեքսիկայի հետ սահմանի մոտ գտնվող Բրաունսվիլ քաղաքի՝ իրերով լցված, անպատուհան բնակարանում։

Ռուբիոն հանցագործությունը կատարել էր իր ընկերուհու՝ Անջելա Կամաչոյի հետ։ Նա ընդունել է մեղքը և ցմահ ազատազրկում է կրում։ Ռուբիոյի նկատմամբ առաջին մահապատժի դատավճիռը վերացվել էր վերաքննիչ կարգով՝ դատարանում Կամաչոյի ցուցմունքների ոչ իրավաչափ օգտագործման պատճառով։ Սակայն գործի կրկնակի քննության արդյունքում նա կրկին մեղավոր էր ճանաչվել և մահապատժի դատապարտվել։

Պաշտպանական կողմը պնդել է, որ Ռուբիոն տառապում էր պարանոիդ շիզոֆրենիայով։ Ըստ պաշտպանական կողմի՝ տարբեր պահերի նա հայտարարել էր, թե երեխաները դիվահար են, իսկ ինքն ընտրված է աշխարհը փրկելու համար։ Մեղադրանքի կողմի փորձագետները չեն համաձայնել հոգեբուժական ախտորոշմանը։ Պաշտպանական կողմի մասնագետները մատնանշել են նաև Ռուբիոյի ծանր մանկությունը, որը կապված էր ընտանեկան բռնության, ընտանեկան անբարենպաստ միջավայրի և թմրանյութերի օգտագործման հետ։

ԱՄՆ-ում երկրորդ տարին անընդմեջ տարեկան մահապատիժների թիվը մոտենում է 40-ի։ Ի կատար ածված մահապատժի դատավճիռների թվի աճը տեղի է ունենում պատժի առավելագույն տեսակի կիրառման շուրջ նոր քննարկումների հետնապատկերին։ Անցյալ շաբաթ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել էր, որ մտադիր է մինչև պաշտոնից հեռանալը մեղմացնել հարյուրավոր մահապատժի դատավճիռներ։ Փորձագետների գնահատմամբ՝ դա կարող է դառնալ երկրի պատմության մեջ զանգվածային ներման ամենախոշոր դեպքը։