Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Ահմադ Վահիդին հայտարարել է, որ սպառնալիքներն ու պատժամիջոցները չեն կարող կանգնեցնել Հասան Թեհրանի Մողադամի հիմնադրած՝ Իրանի հրթիռային ծրագրի զարգացումը, հաղորդում է Mehr-ը։

Նա ընդգծել է, որ այս ուղին շարունակվում է հավատի և անձնազոհության պատրաստակամության շնորհիվ։

Օդատիեզերական ուժերի օրվա առթիվ հղած ուղերձում Վահիդին նշել է, որ այս օրն ամեն տարի հիշեցնում է իրանական հրթիռային ծրագրի հիմնադրի մասին, որը, նրա ձևակերպմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության համար «ճանապարհ է բացել դեպի երկինք»։

Հրամանատարը նշել է, որ Թեհրանի Մողադամն առաջին հրթիռները ստեղծում էր գրեթե զրոյից՝ ապավինելով Աստծու հանդեպ հավատին։ Վահիդին ընդգծել է, որ այսօրվա մարտիկները շարունակում են նրա գործը՝ մեծացնելով ռազմական ներուժը լեռների խորքում և ստորգետնյա տարածքներում։

«Թշնամին պետք է իմանա՝ նահատակ Թեհրանի Մողադամի ուղին հնարավոր չէ կանգնեցնել սպառնալիքներով կամ պատժամիջոցներով։ Այս ուղին շարունակվում է արյան և հավատի շնորհիվ»,- հայտարարել է գեներալը։

Վահիդին նաև հպարտություն է հայտնել ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի համար և հարգել Թեհրանի Մողադամի, ինչպես նաև նահատակներ Ամիր Ալի Հաջիզադեի, Մահմուդ Բաղերիի և զոհված մյուս ծառայակիցների հիշատակը։ Նա զինծառայողներին կոչ է արել շարունակել նրանց գործը։