Բունդեսթագը հավանություն է տվել Միջերկրական ծովում Եվրամիության Med Irini ռազմածովային առաքելությանը Գերմանիայի զինված ուժերի մասնակցության երկարաձգմանը։ Համապատասխան որոշումը պատգամավորներն ընդունել են հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, հայտնում է dpa-ն։
Մանդատի երկարաձգմանը կողմ է քվեարկել կանցլեր Ֆրիդրիխ Մերցի աջակենտրոն կոալիցիայի ներկայացուցիչների մեծամասնությունը։ Առաքելության շրջանակում Գերմանիան կկարողանա առաջադրանքների կատարման համար ուղարկել մինչև 300 զինծառայող։
Med Irini-ն կոչված է նպաստելու Լիբիային զենքի մատակարարումների նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած էմբարգոյի պահպանմանը, խոչընդոտելու նավթի ապօրինի արտահանմանը և աջակցելու մաքսանենգների ու մարդկանց առևտրով զբաղվողների ցանցերի դեմ պայքարին։ Թարմացված մանդատը նախատեսում է նաև ռուսական «ստվերային նավատորմի» դիտարկում։
2011 թվականին Մուամար Քադաֆիի տապալումից ավելի քան 15 տարի անց Լիբիայում իշխանության և ազդեցության համար պայքարը շարունակվում է։ Երկրում գործում են զինված կազմավորումներ և միմյանց հետ մրցակցող կառավարություններ։
Ընդդիմադիր կուսակցությունները՝ «Կանաչները», «Ձախերը» և ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը, դեմ են արտահայտվել մանդատի երկարաձգմանը։ Նրանք քննադատել են գերմանացի զինվորականների լիազորությունների ոչ բավարար հստակությունը, հատկապես կասկածելի նավերի զննման միջազգային իրավական հիմքերի գործողության ժամկետի ավարտից հետո։
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Ռալֆ Շտեգները խոստովանել է, որ առաքելությունն ի վիճակի չէ լուծել Լիբիայի բոլոր խնդիրները։
«Բայց առանց այս առաքելության տառապանքներն ավելի շատ կլինեին, իսկ անվտանգությունը՝ ավելի քիչ»,- ընդգծել է նա։





























