Արաբական Միացյալ Էմիրությունների արևելքում գտնվող Ֆուջեյրա էմիրությունում բեռնատարի մասնակցությամբ շղթայական ավտովթարի հետևանքով 14 մարդ է զոհվել, 30-ը՝ վնասվածքներ ստացել, հայտնում է BBC News-ը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։
Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով կեսգիշերին մոտ՝ էմիրության մուտքի մոտ, դանդաղ երթևեկության պայմաններում։ Գերատեսչության տվյալներով՝ բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը. ավտոմեքենան բախվել է մեկ այլ փոխադրամիջոցի, շրջվել և մխրճվել խցանման պատճառով կանգնած ավտոմեքենաների մեջ։
Ընդհանուր առմամբ վթարում ներգրավված է եղել 23 փոխադրամիջոց, դրանց թվում՝ հինգ բեռնատար։ Բախումից հետո բեռնատարը բռնկվել է, իսկ կրակը տարածվել է մի քանի այլ մեքենաների վրա՝ բազմաթիվ զոհերի պատճառ դառնալով։
Երեսուն տուժած տեղափոխվել է հիվանդանոցներ։ Նրանց կեսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, իսկ մյուսները շարունակում են բուժումը։ Զոհերի և տուժածների թվում կան ԱՄԷ-ի, Օմանի, Հնդկաստանի, Բրազիլիայի, Պակիստանի, Հորդանանի և Եգիպտոսի քաղաքացիներ։
ԱՄԷ-ում Հնդկաստանի հյուպատոսությունը հաստատել է, որ զոհերի թվում կան Հնդկաստանի քաղաքացիներ։ Դիվանագետները կապ են հաստատել զոհերի ընտանիքների հետ և համագործակցում են տեղական իշխանությունների հետ՝ նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։
Զոհերի ինքնությունը պարզելու նպատակով ԴՆԹ փորձաքննություններ են անցկացվում։ Դեպքի վայրում աշխատել են ոստիկաններ, բուժաշխատողներ և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ, որոնք մարել են հրդեհը, տարհանել տուժածներին և ապահովել տարածքի անվտանգությունը։ Մասնագիտացված ծառայությունները շարունակում են աշխատանքը։
ՆԳՆ-ն և ոստիկանությունը ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին և տուժածներին շուտափույթ ապաքինում մաղթել։





























