Մայիսի 30-ին ժամը 12:00-ին երկրաշարժ է տեղի ունեցել Սոչիում. զոհեր եւ ավերածություններ չկան:
Քաղաքի սեյսմիկ ծառայությունում «Ինտերֆաքսին» հայտնել են, որ ներկայումս կատարվում է երկրաշարժի ազդանշանների մշակում: Մասնագետները կարծում են, որ սարքավորումների գրանցած ցնցումը կազմել է 3,5-4 բալ:
Ինչպես հայտնում է LIfe News-ը, ցնցումների ուժգնությունը կազմել է 4- 5 բալ: Ցնցումները շարունակվել են 20 վայրկյան:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում, այդ պատճառով էլ սեւծովյան շրջանի բնակիչները միայն նրա հետեւանքներն են զգացել: Այժմ հատուկ հանձնաժողովներն արագ կարգով ստուգում են օլիմպիական կառույցի օբյեկտների վիճակը: Նրանց ավերածությունների մասին տեղեկություններ եւս չեն ստացվել:
Սոչիի որոշ բնակիչներ լրագրողներին պատմել են, որ բարձրահարկ շենքերի իրենց բնակարաններում կահույքը շարժվել է, պահարաններից ընկել եւ կոտրվել է սպասքը: Մինչ բարձրախոսով վտանգի մասին զգուշացումը, օլիմպիական կառույցի աշխատողները փախել են` զգալով ցնցումները:
Ստորերկրյա ցնցումն զգացել են ոչ միայն Սոչիի Կենտրոնական թաղամասում, այլ նաեւ լեռնային տեղանքում, նույնիսկ Դագոմիսում եւ Խոստում:



























