Արևմտյան Եվրոպայի երկրների ֆոնդային շուկաները հինգշաբթի աճուրդների արդյունքներով միասնական դինամիկա չեն ցուցաբերել։
Եվրոպական խոշորագույն ընկերությունների Stoxx Europe 600 համախառն ինդեքսը առևտրաշրջանի փակման պահին աճել է 0,24 տոկոսով՝ հասնելով 664,63 կետի։ Այն չորրորդ անընդմեջ առևտրաշրջանն ավարտել է աճով։
Բրիտանական FTSE 100-ն աճել է 0,29 տոկոսով, գերմանական DAX-ը՝ 0,57, ֆրանսիական CAC 40-ը՝ 0,49 տոկոսոս, իսկ իտալական FTSE MIB-ը և իսպանական IBEX 35-ը նվազել են 0,12-ական տոկոսով։
Կորպորատիվ դրական նորություններն աջակցել են եվրոպական բաժնետոմսերի շուկային, սակայն դրա վրա որոշակի ճնշում է գործադրել ռիսկի դիմելու պատրաստակամության ընդհանուր նվազումը՝ պայմանավորված մերձավորարևելյան հակամարտության շուտափույթ կարգավորման հույսերի թուլացմամբ։
Stoxx Europe 600-ի բաղադրիչների շարքում աճի առաջատարը բրիտանական B&M European Value Retail ընկերության բաժնետոմսերն էին (+20,9 տոկոս)։ Ընկերությունը ֆինանսական տարվա առաջին կիսամյակի ուժեղ հաշվետվություն է ներկայացրել։
Աշխատակիցների հավաքագրմամբ զբաղվող շվեյցարական Adecco Group ընկերության կապիտալացումը նախորդ եռամսյակի դրական արդյունքների ֆոնին աճել է 14,7 տոկոսով։
Բրիտանական Burberry Group-ի բաժնետոմսերը թանկացել են 8 տոկոսով։ Շքեղության դասի ապրանքներ արտադրող ընկերությունը 2027 ֆինանսական տարվա առաջին կիսամյակում ճշգրտված շահույթն ավելացրել է ավելի քան երեք անգամ՝ զգալիորեն գերազանցելով վերլուծաբանների կանխատեսումները։
Siemens-ի շուկայական արժեքն աճել է 1,7 տոկոսով։ Գերմանական արդյունաբերական կոնգլոմերատը երրորդ եռամսյակում զուտ շահույթն ավելացրել է 32, հասույթը՝ 11 տոկոսով, ինչպես նաև գրանցել պատվերների ռեկորդային ծավալ։
Rolls-Royce Holdings-ի բաժնետոմսերը թանկացել են 2 տոկոսով։ Ընկերությունը հայտարարել է 1,5 մլրդ ֆունտ սթեռլինգի (2 մլրդ դոլար) չափով բաժնետոմսերի միջանկյալ հետգնման մասին։
Munich Re-ի բաժնետոմսերն աճել են 2,9 տոկոսով։ Գերմանական վերաապահովագրական ընկերության զուտ շահույթը նախորդ եռամսյակում նվազել է 12,8 տոկոսով, սակայն ցուցանիշը գերազանցել է շուկայի սպասումները։
Գերմանական Allianz ապահովագրական ընկերությունը հուլիս-սեպտեմբերին գործառնական շահույթն ավելացրել է 6,2 տոկոսով և վերանայել այդ ցուցանիշի տարեկան կանխատեսումը՝ գնահատականի վերին սահմանը 18,4 մլրդ եվրոյից հասցնելով 18,6 մլրդ եվրոյի։ Ընկերության շուկայական արժեքն աճել է 1,9 տոկոսով։
Համախառն ինդեքսում անկման առաջատարը Endeavour Mining-ի բաժնետոմսերն էին (-8,5 տռոկոս։ Ոսկի արդյունահանող ընկերությունը հինգշաբթի նախազգուշացրել է, որ իր հանքերից մեկում առաջացած խնդիրների պատճառով արդյունահանման ծավալն այս տարի, հավանաբար, կհամապատասխանի կանխատեսվող միջակայքի ստորին սահմանին։
Զգալիորեն էժանացել են պաշտպանական ոլորտի կապալառուներ QinetiQ-ի (-4,4 տոկոս, Babcock International-ի (-4,3 տոկոս), Hensoldt-ի (-3,9 տոկոս), BAE Systems-ի (-1,1 տոկոս) և Thales-ի (-1,3 տոկոս) բաժնետոմսերը։
Իսպանական Telefonica-ի կապիտալացումը նվազել է 0,7 տոկոսով։
Հեռահաղորդակցական ընկերության երրորդ եռամսյակի հասույթը և EBITDA-ն գերազանցել են փորձագետների սպասումները։ Telefonica-ն բարելավել է EBITDA-ի տարեկան կանխատեսումը, սակայն միաժամանակ վատթարացրել է հասույթի կանխատեսումը։





























