Ադրբեջանը շարունակում է հանցագործություններ կատարել հայերի դեմ՝ մինչ օրս պահելով գերիներին։ Այս մասին նոյեմբերի 13-ին Երևանում «Ձայներ՝ ընդդեմ մոռացության․ զանգվածային ոճրագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» միջազգային համաժողովի ժամանակ հայտնել է Կալիֆոռնիայի նահանգի Գերագույն դատարանի դատավոր Կասյա Աբգարյանը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 150 000 հայեր, որոնց մեծ մասն այժմ ապրում է Հայաստանում, զրկվել են իրենց հայրենիքից ու տներից։
«Մեր խնդիրն է հասնել արդարության Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունների զոհերի համար», — ընդգծել է Աբգարյանը։
«Հայերը հնագույն ժողովուրդ են, և, ցավոք, «ցեղասպանություն» եզրույթն առաջացել է 1915 թվականին հայերի վերապրածի հիման վրա։ Սակայն նման վայրագությունները շարունակվում են ոչ միայն հայերի, այլև բազմաթիվ այլ ժողովուրդների նկատմամբ։ Ռազմական հանցագործություններ մշտապես տեղի են ունենում նաև այլ վայրերում, ուստի մենք պետք է պայքարենք միասին՝ միասնաբար։ Համախմբվելով այն մարդկանց հետ, որոնք նույնպես պաշտպանում են իրենց իրավունքները, մենք ավելի ուժեղ ենք դառնում։
Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ անպատժելիությունը, ցավոք, դարձել է տարածված երևույթ։ Ձևավորվել է վտանգավոր համոզմունք․ եթե զենք և ուժ ունես, կարող ես ճնշել մարդկանց։ Մենք կտրականապես համաձայն չենք դրան․ ընդհակառակը՝ համոզված ենք, որ հակառակն է, և արդարության հասնելու համար նախաձեռնությունը պետք է բխի հենց տուժածներից, նրանց ձայնը պետք է լսելի լինի։ «Մենք» ասելով ես նկատի ունեմ ոչ միայն հայերին՝ ռազմական հանցագործությունների զոհերին, այլև նման ոճրագործություններից տուժած բոլոր մարդկանց։
Մենք պայքարելու ենք մեզ պատմությունից ջնջելու փորձերի դեմ՝ կրկին ու կրկին բարձրացնելով մեր ձայնը և արդարություն պահանջելով։ Արդարադատությունն իրականացվում է դատարանի դահլիճում, այլ ոչ թե մարտական գործողությունների գոտիներում։ Մենք ապրում ենք պատմական բարդ ժամանակաշրջանում, երբ դատական համակարգերը հաճախ չեն լսում տուժածներին։ Բայց մենք հավատում ենք, որ, շարունակելով պայքարը, կկարողանանք փոխել իրավիճակը։ Հենց սա է մեր գլխավոր նպատակը՝ հասնել արդարության՝ տուժածներին լսելի լինելու հնարավորություն տալով», — նշել է Աբգարյանը։





























