ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիպոթետիկ նախընտրական պայքարում հեշտությամբ կհաղթեր Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբամային՝ նրան անվանելով «խիստ գերագնահատված» քաղաքական գործիչ։
«Այո՛, կարծում եմ՝ հեշտությամբ կհաղթեի նրան։ Կարծում եմ՝ նա խիստ գերագնահատված է», — ասել է Թրամփն ամերիկացի լրագրող Սթիվեն Սմիթի հարցազրույցում՝ պատասխանելով հիպոթետիկ հարցին, թե ինչով կավարտվեր իրենց դիմակայությունը նախագահական ընտրություններում, եթե երկուսն էլ կարողանային կրկին առաջադրվել։
Սպիտակ տան ղեկավարը պարզաբանել է, որ Օբամային լավ նախագահ չի համարում՝ նրան անվանելով քաղաքական գործիչ, որը «պառակտում» էր ամերիկյան հասարակությունը։ Իրեն Թրամփը բնութագրել է որպես առաջնորդ, որը, ընդհակառակը, համախմբում է մարդկանց՝ երկրի տնտեսական հաջողությունների շնորհիվ։
ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխության համաձայն՝ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել նախագահի պաշտոնում։ Բարաք Օբաման պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է երկու անընդմեջ ժամկետով՝ 2009-2017 թվականներին, իսկ Դոնալդ Թրամփը, որը երկիրը ղեկավարել է 2017–2021 թվականներին, նախագահի պաշտոնը կրկին ստանձնել է 2025 թվականի հունվարին։





























