Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը կոչ է արել Թուրքիային հարգել ԵՄ նախագահությունը, անգամ երբ այն հուլիսին անցնի Կիպրոսին:

«Ինչ վերաբերում է Թուրքիայի դիրքորոշմանը, ես հիշեցնում եմ այն ուժգին աջակցության մասին, որ Եվրոպական Խորհուրդը հայտնեց Կիպրոսին դեռ 2011թ.»,- ասել է Վան Ռոմպեյը Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիտոֆիասի հետ հանդիպումից հետո:

Նա ընդգծել է, որ նախագահությունը «Միության հիմնարար առանձնահատկություններից է, որ դրված է Եվրոպական միության մասին պայմանագրի հիմքում, եւ պետք է հարգվի առանց բացառության»:

Կիպրոսի նախագահն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել բանակցությունները Կիպրոսի նախագահության շրջանում: Բերելով Ֆրանսիայի եւ Գերմանիայի օրինակը` Ռոմպեյը նշել է, թե բնական պաշարների համատեղ օգտագործումը կարող է խաղաղության ուղի հարթել, հաղորդում է Associated Press-ը: