Մայիսի 30-ին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը ահաբեկիչների խմբի վնասազերծման մասին լուրեր է տարածել, որոնք իբր մահափորձ էին նախապատրաստել երկրի նախագահ Իլհամ Ալիեւի դեմ:

«Հրազենով, տարբեր տեսակի զինամթերքով, պայթուցիկ նյութերով սպառազինված խմբավորման նպատակն է եղել Ադրբեջանի մի շարք շրջաններում  ահաբեկչություններ իրագործելը, երկրում ստեղծել անկարգության եւ անիշխանության մթնոլորտ, բնակչության շրջանում խուճապ եւ քաոս սերմանել, էթնիկական եւ հոգեւոր հողի վրա բախումներ գրգռել, խախտել կայունությունը եւ վնաս հասցնել հանրապետության վարկանիշին միջազգային ասպարեզում: Այդ նպատակով նախատեսվել էին մի շարք մզկիթների եւ տարբեր սրբավայրերի պայթյուններ:

Միաժամանակ նախատեսվել էր զինված հարձակումներ գործել իրավապահ մարմինների վրա, ոչնչացնել աշխատակիցներին եւ զավթել վարչակազմային շենքերում եղած զինամթերքը… Հիմնական նպատակներից մեկը եղել է Բաքվում  «Եվրատեսիլ – 2012»-ի նախօրեին եւ մրցույթի օրը ահաբեկչական ակցիաներ իրականացնելը, պայթյունների եւ զինված հարձակումների իրագործումը` մարդկանց զանգվածային ոչնչացման նպատակով», - ԱԱՆ-ի հաղորդագրությունն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշենք, որ Ադրբեջանի իշխանություններն սկսել են  պարբերաբար ահաբեկչական խմբավորումների բացահայտման լուրեր տարածել` նախորդ տարվա գարնանը երկրում ներքաղաքական իրավիճակի սրվելուց հետո:  Վերջին տարվա ընթացքում ադրբեջանական ընդդիմությունը Բաքվի կենտրոնում  մի քանի խոշոր  չարտոնված հավաքներ է անցկացրել: Թեեւ ակցիաներն ամեն անգամ դաժանորեն ճնշվում են, նրանց կազմակերպիչները միջոցառումներն անցկացնում են նորից ու նորից: 

Հենց այդ ֆոնի վրա էլ երկրի իշխանություններն սկսել են իրենց ներկայացնել «իսլամական ահաբեկիչների» դեմ պայքարի մարտիկների դերում, որոնք անսպասելի հայտնվել են «բարգավաճող եւ կայուն» Ադրբեջանի տարածքում: Միաժամանակ ադրբեջանական պետական հեռուստաալիքները շարունակում են աջակցել «Ալ-Կաիդայի» հետ կապված եւ Սիրիայի զինվորականների եւ քաղաքացիական բնակչության դեմ հանդես եկող ահաբեկիչների գործողություններին: