Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիան նախագահ Հարիս Լոիզիդիսի գլխավորությամբ եղել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:
Ֆեդերացիայի մամուլի ծառայությունից NEWS.am—ին հայտնում են, որ պատվիրակությունն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
«Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի՝ մարդկության դեմ ուղղված ամենաողբերգական հանցագործություններից մեկն է։ Այն սկսվել է 1915 թվականին օսմանյան իշխանությունների կողմից, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան մեկ միլիոն հայ»,- ասվում է Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:
Տեսանյութում ֆեդերացիայի նախագահը նշում է. «Ինչպես մենք բազմիցս ասել ենք, ֆուտբոլը պարզապես դաշտ և խաղ չէ, այլ շատ այլ բաներ։ Ահա թե ինչու մենք այսօր այստեղ ենք՝ հարգելու և հիշատակելու այս հսկայական ողբերգության զոհերին, որը հարվածեց հայ ժողովրդին 1915 թվականին, սկսվեց ցեղասպանությունը, որը տևեց ինչև 1920 թվականը։
Այս հարցը հասկանում է Կիպրոսի յուրաքանչյուր հույն, և այն մեզ ոգեշնչում է այսօր այստեղ լինել՝ հիշելու այս բոլոր զոհերին։ Քաջություն եմ մաղթում հայ ժողովրդին ցեղասպանության այս ողբերգության մասին բարձրաձայնելու ջանքերի համար։ Արդեն շատ երկրներ են ճանաչում այս փաստը»։
Նշենք, որ Կիպրոսի հավաքականը Երևան էր ժամանել Հայաստանի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի հանդիպման համար: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում նոյեմբերի 12-ին կայացած խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը:





























