Այսօր 85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ «Մովսես Խորենացի» և «Մեսրոպ Մաշտոց» մեդալակիր, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր, Երևանի պատվավոր քաղաքացի Նորայր Մեհրաբյանը։ Լուրը հայտնում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը։
Նա հայկական պարարվեստի նշանավոր ներկայացուցիչներից էր, «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես է եկել որպես մենապարող, ապա ղեկավարել բալետային խումբը։
«Բառերով անհնար է նկարագրել այն ցավն ու կսկիծը, որ ապրում եմ Նորայր Մեհրաբյանի՝ կյանքից հեռանալու ծանր լուրն իմանալուց հետո։ Այսօր հայ պարարվեստը կրեց անասելի մեծ կորուստ։
Մեր կողքին այլեւս չկա մի մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց հայկական պարարվեստին՝ թողնելով անջնջելի հետք մեր մշակույթի պատմության մեջ։ Ինձ համար մեծ պատիվ եւ բացառիկ հնարավորություն էր Ձեզ հետ աշխատելը։ Երբեք չեմ մոռանա մեր ժամեր տեւող զրույցները, Ձեր խոսքը, խորհուրդներն ու այն ամենը, ինչ պատիվ ունեցա սովորելու։ Շնորհակալ եմ Ձեզ ամեն ինչի համար, Նորայր Գուրգենիչ ջան։ Ձեր անունն ու թողած ժառանգությունը միշտ ապրելու են հայ պարարվեստի պատմության մեջ»,- գրել է դերասան Վիգեն Պապոյանը։
Նորայր Մեհրաբյանը ծնվել է 1941 թվականի հունվարի 4-ին Երեւանում։ 1946-ին ընդունվել է Երեւանի պարարվեստի ուսումնարան, այնուհետեւ որպես մենապարող աշխատանքի անցել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
1970 թվականին հրավիրվել է Լենինգրադի Խորեոգրաֆիկ մանրապատումների բալետային խումբ։ Երեք տարի հետո վերադարձել է Երեւան ու ստանձնել պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։
Այդ տարիներին ստեղծել է իր առաջին բեմադրությունները` Բիզեի «Պատանեկան սիմֆոնիան», Խաչատրյանի «Ռուսական պարը», Ավետիսյանի «Զարթոնք»-ը, Սակիլարու «Չոփչոփիկ»-ը եւ այլն։ 1984-1986 թթ. եղել է Օպերային թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավարը։
1987 թվականին Մեհրաբյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Բարեկամություն» համույթը։ Աշխատել է նաեւ Հայաստանի պարի պետական անսամբլում։
նա կազմավորել է պարախմբեր և համույթներ Բեյրութի, Կիպրոսի, Հալեպի, Լոս Անջելեսի հայ համայնքներում։ Հրավիրվել է ու աշխատել է Համազգային «Անի» և Ֆրանսիայում «Երազ» պարախմբերի հետ։ 1973 -1983 թվականներին եղել է Երևանի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը՝ միաժամանակ աշխատելով որպես դասական պարի ուսուցիչ։





























