Չինաստանի կոմունիստական կուսակցությունը մշտապես առաջնահերթ նշանակություն է տվել սեփական զարգացմանը, ինքնակատարելագործմանը և կազմակերպական ներուժի ամրապնդմանը։ Նոր դարաշրջանում այս գործընթացը որակապես նոր մակարդակի է հասել՝ մարմնավորվելով կուսակցական շինարարության վերաբերյալ Սի Ծինփինի գաղափարների համակարգային ձևավորման մեջ։ Այս տարվա հունիսին կայացած կուսակցական շինարարության հարցերով համաչինական խորհրդակցությունում դրանք սահմանվել են որպես կուսակցության հետագա զարգացման ռազմավարական ուղենիշ, իսկ վերջերս կայացած Չինաստանի Կոմկուսի 20-րդ գումարման Կենտրոնական կոմիտեի 5-րդ պլենումում ներառվել են պլենումի կոմյունիկեում։
Այս հայեցակարգի էությունը կուսակցության համակողմանի և խիստ կառավարման հետագա կատարելագործումն է, ղեկավար կադրերի քաղաքական և բարոյական պատասխանատվության բարձրացումը, կուսակցության ու ժողովրդի միջև մշտական կապի ամրապնդումը, կարգապահության ուժեղացումը և պետական կառավարման արդյունավետության բարձրացումը։ Խոսքը միայն կուսակցության ներքին վերափոխումների մասին չէ։ Ըստ էության, ձևավորվում է կառավարման այնպիսի մոդել, որում գաղափարական հետևողականությունը, կազմակերպվածությունն ու պատասխանատվությունը դիտարկվում են որպես պետության կայուն զարգացման կարևորագույն պայմաններ։
Սի Ծինփինի առաջադրած մոտեցումը հիմնված է մարքսիստական տեսության ստեղծագործական զարգացման, չինական առանձնահատկությունների և չինական քաղաքակրթության հարուստ ավանդույթների հաշվառման վրա։ Այն համադրում է գիտական սոցիալիզմի դասական սկզբունքները չինական քաղաքական և մշակութային ավանդույթի լավագույն տարրերի հետ՝ ձևավորելով XXI դարի պահանջներին համապատասխանող ժամանակակից կառավարման համակարգ։
Հատկանշական է, որ վերջին տասնամյակում Չինաստանը նշանակալի արդյունքների է հասել տնտեսական, գիտատեխնոլոգիական և սոցիալական զարգացման ոլորտներում։ Արդյունաբերության արդիականացումը, բարձր տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը, բացարձակ աղքատության վերացումը, ենթակառուցվածքների աննախադեպ զարգացումը և երկրի միջազգային հեղինակության ամրապնդումը գերազանցապես հնարավոր են դարձել պետական կառավարման արդյունավետ համակարգի շնորհիվ։ Այդ համակարգի հիմքում ուժեղ, կարգապահ և ժողովրդի առջև պատասխանատու Կոմունիստական կուսակցությունն է։
Կուսակցական շինարարության նոր հայեցակարգն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կադրային քաղաքականությանը։ Ղեկավար պաշտոնները պետք է զբաղեցնեն ոչ միայն մասնագիտական պատրաստվածություն ունեցող մասնագետները, այլև քաղաքական բարձր սկզբունքայնությամբ, բարոյական հատկանիշներով և ժողովրդի շահերին ծառայելու պատրաստակամությամբ աչքի ընկնող մարդիկ։ Նման մոտեցումը նպաստում է պետական կառավարման որակի բարձրացմանը և հանրային վստահության ամրապնդմանը։
Առանձնահատուկ նշանակություն ունի կոռուպցիայի դեմ հետևողական պայքարը։ Չինաստանի փորձը համոզիչ կերպով ցույց է տալիս, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է ձևավորել կառավարման այնպիսի համակարգ, որում պետական պաշտոնը դիտարկվում է նախևառաջ որպես պատասխանատվություն հասարակության առջև, այլ ոչ թե անձնական արտոնությունների աղբյուր։ Սա կարևոր դաս է բոլոր այն պետությունների համար, որոնք ձգտում են ստեղծել կառավարման արդյունավետ և արդար համակարգ։
Ժամանակակից միջազգային գործընթացների պայմաններում, երբ աշխարհը բախվում է բազմաթիվ տնտեսական, քաղաքական և մարդասիրական մարտահրավերների, կուսակցական շինարարության վերաբերյալ Սի Ծինփինի գաղափարներն ավելի լայն նշանակություն են ձեռք բերում։ Դրանք առաջարկում են ոչ թե համընդհանուր կաղապար, այլ զարգացման հաջողված փորձ՝ հիմնված երկարաժամկետ ռազմավարական պլանավորման, ազգային առանձնահատկությունների հաշվառման, քաղաքական կայունության և ժողովրդի շահերի առաջնահերթության վրա։
Հայաստանի համար ևս հետաքրքրություն է ներկայացնում չինական փորձի մանրակրկիտ ուսումնասիրությունը։ Խոսքն օտար մոդելի մեխանիկական փոխառության մասին չէ, այլ այն սկզբունքների իմաստավորման, որոնք ապահովել են Չինաստանի հաջողությունը՝ ռազմավարական մտածողության, պետական ինստիտուտների ամրապնդման, երկարաժամկետ պլանավորման, պատասխանատու կադրային քաղաքականության և ազգային շահերի հետևողական պաշտպանության։
Որպես Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար՝ համոզված եմ, որ Սի Ծինփինի կուսակցական շինարարության նոր հայեցակարգը ոչ միայն ժամանակակից Չինաստանի կարևոր տեսական նվաճում է, այլև գործնական արժեքավոր փորձ, որն արժանի է ամենալուրջ ուսումնասիրության։ Այն համոզիչ կերպով ցույց է տալիս, որ գաղափարական հաստատակամությունը, կազմակերպական կարգապահությունը, ժողովրդի հետ սերտ կապը և կուսակցության մշտական ինքնակատարելագործումը կարող են դառնալ ազգային զարգացման, սոցիալական կայունության և պետականության ամրապնդման կարևորագույն նախադրյալներ։
Այսօր չինական փորձն աշխարհի բազմաթիվ երկրներում ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Դա պայմանավորված է ոչ միայն Չինաստանի տպավորիչ տնտեսական հաջողություններով, այլև նրանով, որ դրանց հիմքում քաղաքական համակարգի հետևողական կատարելագործումն է։ Կուսակցական շինարարության վերաբերյալ Սի Ծինփինի գաղափարներն այս ուղու տրամաբանական շարունակությունն են և նշանակալի ներդրում են սոցիալիզմի տեսության ու պետական կառավարման ժամանակակից պրակտիկայի հետագա զարգացման գործում։
Երջանիկ Ղազարյան, Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար





























