Աբու Դաբիում, Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բազմակողմ բանակցությունների ընթացքում, ռուսական պատվիրակությունը ոչ պաշտոնապես առաջ է քաշել «եվրոպական անվտանգության նոր կարգի» դրույթներ, որոնք վերաբերել են ոչ միայն Կիևին։ Կրեմլի ներկայացուցիչները պահանջել են, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից, ինչպես նաև հանդես են եկել Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ռազմաբազաներից դաշինքի հրաժարվելու օգտին։ Այս բոլոր դրույթները փոխանցվել են Էմիրություններում ներկա Եվրամիության ներկայացուցիչներին, հայտնել է Bild-ը։
Ընդ որում, ԱՄԷ-ում ռուս բանակցողների ներկայացրած պայմանները ոչ պաշտոնական շրջանակներում քննարկվող նախաձեռնություններից միայն մեկն են։ Ռուսական կողմից զուգահեռ գործում են միջնորդների մի քանի մրցակցող խմբեր, և առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ում գաղափարներին է աջակցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հիշեցրել է Bild-ը։
Մոսկվայի պահանջները վերաբերել են նաև ՆԱՏՕ անդամ չհանդիսացող Մոլդովային։ Ռուսաստանի ներկայացուցիչներն առաջ են քաշել այս պետությունը բուն մոլդովական տարածքներից, Գագաուզիայից և Մերձդնեստրից կազմված դաշնության վերածելու ծրագիր։ Վերջինս 1991 թվականից դե ֆակտո Քիշնևի վերահսկողությունից դուրս գտնվող ինքնահռչակ պետություն է, որը չի ճանաչվել ՄԱԿ անդամ որևէ երկրի կողմից։ Երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու դեպքում Մերձդնեստրը և Գագաուզիան պետք է անկախության հանրաքվեներ անցկացնելու հնարավորություն ստանան։
Ուկրաինայից խաղաղության դիմաց պահանջվում է զիջել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի՝ իր վերահսկողության տակ գտնվող հատվածները, հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց, ապառազմականացնել Նիկոլաևի և Օդեսայի նավահանգիստները, ինչպես նաև առանձին պայմանավորվածություններ ձեռք բերել Սև և Բալթիկ ծովերում նավագնացության ազատության վերաբերյալ։
Եվրոպական վեց երկրներին վերաբերող թվարկված բոլոր պահանջների կատարման դիմաց Կրեմլի ներկայացուցիչներն առաջարկել են Բելառուսից դուրս բերել միջուկային զենքը, հրաժարվել այնտեղ ռուսական միջին հեռահարության հրթիռների տեղակայումից և Մերձդնեստրից դուրս բերել ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումները։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտնել է, որ Աբու Դաբիում ռուսական կողմը չի պահանջել Ֆինլանդիայի կամ որևէ այլ երկրի դուրս գալը ՆԱՏՕ-ից։ «Ես այդ մասին տեղեկություն չունեմ։ Ո՛չ, նման պահանջ չի ներկայացվել։ Այդ մասին, իհարկե, հաստատ խոսք չի եղել», — Պեսկովի խոսքերը մեջբերել է ՌԲԿ-ն։
Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցած վերջին երկու պետություններից մեկն է։ Սկանդինավյան երկիրը դաշինքին է միացել 2023 թվականի ապրիլին, ընդ որում՝ ֆիննական հասարակության մեջ այդ որոշման կողմնակիցների մասնաբաժինը բազմապատկվել է 2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից անմիջապես հետո։ Հյուսիսատլանտյան դաշինքի գրեթե 80-ամյա պատմության ընթացքում անդամ երկրների՝ դաշինքից դուրս գալու նախադեպեր չեն եղել. միայն երկու երկիր՝ Ֆրանսիան և Հունաստանը, ժամանակավորապես դադարեցրել են իրենց մասնակցությունը դաշինքի ռազմական բաղադրիչին, սակայն հետագայում վերականգնել են լիարժեք անդամակցությունը։





























