ՊԵԿ–ը պարզաբանում է ներկայացրել կալանավորված ԻԻՀ քաղաքացու փախուստի և հայտնաբերման դեպքի վերաբերյալ։
Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «2026 թվականի նոյեմբերի 3-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, մաքսային հսկողության շրջանակում մաքսային զննման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած՝ ԻԻՀ քաղաքացի Մ. Մ.-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան։
Բեռնատարի զննության արդյունքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ։ Թմրամիջոցների մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինս ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, այնուհետև դատարանի համապատասխան որոշմամբ կալանավորվել։
Քրեական վարույթի շրջանակում գաղտնի քննչական գործողություններ իրականացնելու ընթացքում 2026 թվականի նոյեմբերի 6-ին` ժամը 22։00-ի սահմաններում, վերջինս դիմել է փախուստի։
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի Շենգավիթի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում 2026 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, փախուստի դիմած կալանավորված անձը՝ ԻԻՀ քաղաքացի Մ. Մ.-ն, հայտնաբերվել է, տեղափոխվել ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն, այնուհետև՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ»։





























