ՆԳ նախարարության և ՄԱԶԾ սերտ համագործակցությամբ նոյեմբերի 10-11-ը Ծաղկաձորում անցկացվել է «Երիտասարդների ներգրավվածությունը ՆԳՆ բարեփոխումներում․ երկխոսություն և արդյունավետ համագործակցություն» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցել են ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի անդամները։
Աշխատաժողովի օրակարգն ընդգրկում էր ՆԳ նախարարության գործունեության տարբեր ուղղություններին առնչվող առանցքային թեմաներ՝ երիտասարդներին հնարավորություն տալով ծանոթանալու ոլորտային գործընթացներին, քննարկելու իրենց ներգրավման հնարավորությունները բարեփոխումների գործընթացում։
«Օրակարգը բավականաչափ հագեցած էր և ներառում էր տարատեսակ թեմաներ, ինչպիսիք են՝ ընտանեկան բռնությունը, կիբեռանվտանգությունը, ճգնաժամային հաղորդակցությունը։ Մենք հնարավորություն ստացանք ձեռք բերել արագ կողմնորոշվելու ունակություն և բարձրաձայնել մեզ հուզող հարցերը»,- նշել է ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի անդամ Բերտա Հարությունյանը։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ներկայացրել է Հայաստանում անձը հաստատող փաստաթղթերի համակարգի արդիականացման գործընթացը, նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի առավելությունները։
ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի անդամ Լևոն Արսենյանի խոսքով՝ նման ձևաչափով հանդիպումները բավական արդյունավետ են, որովհետև ոչ միայն մասնագիտական համակարգային քննարկում են ունենում, այլև սկսում են իրար ավելի լավ ճանաչել, շփվել, ինչը ևս կարող է խորհրդի համագործակցության կարևորագույն ցուցիչներից մեկը լինել:
ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանի հետ ակտիվ քննարկում է ծավալվել Ոստիկանության բարեփոխումներում երիտասարդների ձայնը լսելի դարձնելու, ծառայության գրավչությունը բարձրացնելու և մասնագիտական զարգացման հնարավորությունների շուրջ։
Հանցավորության կանխարգելման գործում երիտասարդների դերի և ոստիկանության հետ համագործակցության հեռանկարների մասին խոսել է ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը։
Թվային միջավայրում հանցավորության նոր ռիսկերին, դրանց կանխարգելմանն ու կիբեռանվտանգության արդի մարտահրավերներին է անդրադարձել ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը։
Երիտասարդները ներգրավվել են նաև ինտերակտիվ խմբային աշխատանքներում, որոնց ընթացքում ՆԳՆ 112 ՕԿԿ ճգնաժամային կառավարման վարչության ազդարարման ապահովման բաժնի պետ Լիաննա Աբրահամյանի հետ քննարկել են ճգնաժամային հաղորդակցության առանձնահատկությունները, երիտասարդ կամավորների դերն ու ներգրավվածության հնարավորությունները հանրային անվտանգության ապահովման գործընթացներում։
Ավարտին մասնակիցները ձևավորել են կազմակերպչական խմբեր՝ նախանշված ուղղություններով Երիտասարդական խորհրդի շրջանակում հետագա աշխատանքը համակարգելու և համատեղ նախաձեռնությունները առաջ մղելու նպատակով։
Աշխատաժողովն անցկացվել է «Հաշվետու, արդյունավետ և գենդերազգայուն ինստիտուցիոնալ կառուցակարգեր ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում» (AEGIS) ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԶԾ-ի և ԵԱՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։





























