Հայաստանում քիչ են մասնագետները, որոնք պատրաստ են զբաղվել արցախահայերի հարցերով, նրանց անհատական գործերով, իսկ պետությունը փաստացի ձեռքերը լվացել է. պետության ղեկավարն ասում է. «Մոռացե՛ք վերադարձի մասին, մոռացե՛ք ձեր տների մասին»։ Այս մասին նոյեմբերի 13-ին Երևանում «Ձայներ՝ ընդդեմ մոռացության․ զանգվածային ոճրագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» միջազգային համաժողովի ընթացքում հայտնել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

«Քաղաքական գործիչների նման խոսքերը մեծ տառապանք են պատճառում տուժածներին»,— ընդգծել է նա։

Ղազարյանը հայտնել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի կատարած հանցագործությունների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու համար պատրաստվել է 150 դիմում։ «Այս պահի դրությամբ մենք ներկայացրել ենք 1 000 դիմում, որոնք առնչվում են ավելի քան 440 ընտանիքի»,— նշել է փաստաբանը՝ հավելելով, որ գրանցվել է ցուցմունք տալու պատրաստ 985 մարդ։

Նա հիշեցրել է, որ արցախահայերի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով նրանց տները թալանվել են, ավերվել, մնացել են անվնաս կամ էլ ընդհանրապես հողին են հավասարեցվել, ինչը հոգեբանական մեծ վնաս է պատճառում տուժածներին։

Ղազարյանը նկատել է, որ նման մարդկանց անհրաժեշտ է թե՛ իրավաբանների, թե՛ հոգեբանների օգնությունը։