Արաբական խորհրդարանը հայտարարել է Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հութիների) ֆինանսավորման և զենքի մատակարարման ուղիները փակելու, ինչպես նաև նրա ղեկավարության դեմ պատժամիջոցներն ընդլայնելու միջազգային նախաձեռնության մեկնարկի մասին, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Արաբական խորհրդարանը Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) ներկայացուցչական մարմինն է․ այն միավորում է կազմակերպության անդամ երկրների պատգամավորներին և ունի խորհրդատվական լիազորություններ։

«Ծրագրի տնտեսական ուղղությունը նպատակ ունի փակել հութիների ֆինանսավորման և զինման աղբյուրները, հետապնդել նրանց գործունեությանն աջակցելուն առնչվող ֆինանսական և մաքսանենգ ցանցերը, առևտրային կառույցներն ու դրամական փոխանցումների ուղիները»,- նշվում է հայտարարության մեջ։

Մասնավորապես, Արաբական խորհրդարանը մտադիր է դիմել Եվրոպական խորհրդարանին և Եվրամիության կառույցներին՝ հասնելու հութիներին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակներում ներառելուն և շարժման ղեկավարների ու նրան աջակցող կառույցների դեմ պատժամիջոցների ընդլայնմանը։ Նախատեսված են նաև շփումներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների խորհրդարանների հետ։

«Այս միջոցները ձեռնարկվում են Սաուդյան Արաբիայի վրա հութիների բազմակի հարձակումներին հակազդելու շրջանակում, որոնք սպառնալիք են տարածաշրջանի անվտանգության, ծովային և օդային հաղորդակցության, էներգակիրների մատակարարման և միջազգային առևտրի համար»,- ասվում է Արաբական խորհրդարանի հայտարարության մեջ։

Ըստ փաստաթղթի՝ նախաձեռնությունը նախատեսում է աշխատանքի հինգ ուղղություն՝ դիվանագիտական, քաղաքական, անվտանգության, դատական և տնտեսական։