Ավստրալիայում աուտիզմ ունեցող 17-ամյա Ուիլյամ Բարքլին վեց օր միայնակ գոյատևել է անտառում։ Դրա մասին հայտնում է 7 News-ը։

Բարքլին անհետացել էր հոկտեմբերի 6-ին՝ ճամբարի մեկ այլ հատված գնալուց հետո։ Նրա հագին միայն կիսատաբատ ու կոշիկներ էին, իսկ հեռախոսը թողել էր վրանում։ Նրա մոտ ախտորոշվել է աուտիզմի սպեկտրի խանգարում, ուստի ոստիկանությունում մտահոգված էին նրա վիճակով։ Որոնումների ընթացքում անտառում անձրևներ էին տեղում, ցերեկը շոգ էր, իսկ գիշերը ջերմաստիճանն իջնում էր մինչև երեք աստիճան։

Ինչպես պարզվել է ավելի ուշ, Բարքլին զառիթափ լանջից ընկել էր գետի հունը։ Նա մոլորվել էր և որոշել հենց այնտեղ սպասել փրկարարներին։ Դեռահասը սնվել է իր հետ ունեցած չիփսով, ջուր խմել առվակից և երգել Ջոն Դենվերի Take Me Home, Country Roads երգը։ «Սա իմ մանկության լավ երգերից է։ Այն ինձ շատ է մխիթարում»,- իր ընտրությունը բացատրել է նա։

Դեռահասը խոստովանել է, որ վախենում էր, հատկապես՝ գիշերները։ Նա մտավախություն ուներ, որ իրեն երբեք չեն գտնի, սակայն հոկտեմբերի 12-ին նրան վերջապես նկատել են։ Նա արևից ուժեղ այրվածքներ էր ստացել և ուժասպառ էր եղել։

Փրկվելուց հետո Բարքլիի մայրը նրա համար McDonald's-ից գնել է իր սիրելի ուտելիքը։ Նա կատակել է, թե որդին այժմ «պատժված է ամբողջ կյանքի համար» և առաջիկայում ոչ մի արշավի չի գնա։