ԱՄՆ Կոնգրեսի և Գերագույն դատարանի գլխավոր բժիշկ, փոխծովակալ Բրայան Մոնահանը հրաժարական է տվել Պենտագոնի հետաքննության ֆոնին, որը սկսվել էր, երբ նրա գերատեսչություն գործուղված ռազմական նավաստիները բողոքել էին նվաստացուցիչ հանձնարարություններից, դրանց թվում՝ օրենսդիրների ոտքերի եղունգները կտրելուց, հայտնում է Washington Sun պորտալը։

«փոխծովակալ Բրայան Մոնահանը՝ Գերագույն դատարանի դատավորների և Կոնգրեսի անդամների բուժող բժիշկը, հրաժարական է տվել ոչ պատշաճ վարքագծի մեղադրանքների առնչությամբ Պենտագոնի հետաքննության ֆոնին… Ռազմական նավաստիները հայտարարել են, որ Մոնահանի օրոք իրենց հանձնարարում էին այնպիսի գործեր, որոնք ուրիշ ոչ ոք չէր ցանկանում անել, դրանց թվում՝ կտրել օրենսդիրների ոտքերի եղունգները»,- գրում է պորտալը։

Բացի դրանից, պորտալի տվյալներով՝ զինծառայողներին ստիպել են շաբաթական 70–80 ժամ աշխատել։ Առնվազն չորս նախկին և գործող աշխատակիցներ պատմել են, որ նավաստիների նկատմամբ վատ վերաբերմունքը շարունակվել է վերջին տասնամյակի ընթացքում, իսկ անձնակազմը վախեցել է հակաճառել ղեկավարությանը՝ ամսական դրամական պարգևավճարներից զրկվելու սպառնալիքի պատճառով։

Մոնահանի հեռանալու մասին տեղեկությունը պորտալին հաստատել է Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը, որը հայտարարել է, որ, իր տեղեկություններով, բժիշկը հրաժարական է տվել։

Միաժամանակ ո՛չ ինքը՝ Մոնահանը, ո՛չ էլ ԱՄՆ ռազմական հրամանատարությունը նրա հեռանալու մասին պաշտոնապես չեն հայտարարել․ ռազմածովային ուժերի պաշտոնական կայքում նա դեռևս նշված է որպես Կոնգրեսի և Գերագույն դատարանի բուժող բժիշկ։