Բրիտանիայի ընտանեկան գործերով դատարանների և պրոբացիայի ծառայության աշխատակիցները գործադուլ կանցկացնեն ցածր աշխատավարձի և աշխատանքային պայմանների պատճառով, հայտնում է ոլորտային Napo արհմիությունը։

«Արհմիության անդամների ճնշող մեծամասնությունը քվեարկել է գործադուլի օգտին՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը և նվազեցնել աշխատանքային ծանրաբեռնվածությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Գործադուլի օրերը կնշանակվեն ավելի ուշ։ Դատական համակարգի աշխատակիցները դժգոհ են աշխատավարձն ընդամենը 5%-ով բարձրացնելու առաջարկից և ծանրաբեռնվածության նվազեցումը քննարկելու՝ գործատուի մերժումից։

Արհմիությունը նշում է, որ իր անդամների աշխատավարձերն իրական արտահայտությամբ չեն աճել 2010 թվականից ի վեր և մնացել են նվազագույն աշխատավարձը միայն փոքր-ինչ գերազանցող մակարդակում։

Պրոբացիայի համակարգի աշխատակիցները վրդովված են նաև բանտարկյալներին վաղաժամկետ ազատ արձակելու կառավարության ծրագրի պատճառով աճող ծանրաբեռնվածությունից։ Ծրագիրը գործարկվել է գերբեռնված բանտերը բեռնաթափելու նպատակով։