Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Microsoft-ի ծառայությունների աշխատանքի խափանման ֆոնին խորհուրդ է տվել կտրվել համակարգիչներից և ձգման վարժություններ անել։ Դրա մասին ԱՀԿ-ն հայտնել է X սոցիալական ցանցում։
«Էլեկտրոնային փոստը չի՞ աշխատում։ Ահա մի քանի գաղափար, թե ինչպես պահպանել առողջությունը ցանցից դուրս»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԱՀԿ-ում հավելել են, որ խափանման ընթացքում մարդկանց խորհուրդ է տրվում «կտրվել էկրաններից», «ձգման վարժություններ անել», «դուրս գալ զբոսանքի», ինչպես նաև «շփվել այլ մարդկանց հետ»։
Նոյեմբերի 13-ի ցերեկը Downdetector հարթակի տվյալները ցույց են տվել, որ Microsoft-ի ծառայությունների աշխատանքում լայնածավալ խափանում է տեղի ունեցել։ Հնդկաստանում, Գերմանիայում, ինչպես նաև Նիդերլանդներում, Ֆրանսիայում և այլ երկրներում օգտատերերը սկսել են հայտնել Outlook էլեկտրոնային փոստի աշխատանքին առնչվող խնդիրների մասին։ Բացի դրանից, ընդհատումներ են նկատվում Microsoft 365-ի, Teams-ի, Store-ի և Copilot-ի աշխատանքում։
Ըստ Downdetector-ի տվյալների՝ 74 երկրի օգտատերեր բողոքել են Microsoft-ի ծառայությունների աշխատանքի խափանումներից։ Ծառայության տեղեկություններով՝ ամբողջ աշխարհից բողոքները ստացվել են ընդամենը մեկ ժամվա ընթացքում։





























