Բրիտանացի-կանադացի ճանաչողական հոգեբան և հաշվողական մեքենաների տեսության մասնագետ Ջեֆրի Հինթոնը, որը 2024 թվականին արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի և համարվում է ԱԲ-ի «կնքահայրերից» մեկը, նախազգուշացնում է, որ արհեստական բանականությունը կարող է արդեն առաջիկա երեք տարում իր ձեռքը վերցնել վերահսկողությունն ու ոչնչացնել մարդկությանը, եթե այն չկանգնեցնեն, գրում է Telegraph պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ Հինթոնն այս նախազգուշացմամբ հանդես կգա ուրբաթ Դուբլինում անցկացվելիք՝ արհեստական բանականության հարցերով Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովում։
«ԱԲ-ի «կնքահայրը» եվրոպացի առաջնորդներին կզգուշացնի, որ գերխելացի արհեստական բանականությունն առաջիկա երեք տարում կզավթի աշխարհն ու կկործանի մարդկությանը, եթե այն չկանգնեցնեն»,- գրում է Telegraph-ը՝ վկայակոչելով եվրոպացի առաջնորդների առջև Հինթոնի ելույթի տեքստը, որը հայտնվել է պարբերականի տրամադրության տակ։
Հինթոնը մասնակցել է արհեստական նեյրոնային ցանցի՝ Բոլցմանի մեքենայի ստեղծմանը և դրել խորքային ուսուցման տեխնոլոգիայի հիմքերը, որի հիման վրա աշխատում են ԱԲ-ն ու չաթբոտերը։ Դրա համար նրան կոչել են ԱԲ-ի «կնքահայրերից» մեկը։ 2024 թվականին նա արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի՝ արհեստական նեյրոնային ցանցերի և մեքենայական ուսուցման մեջ դրանց կիրառման ոլորտում կատարած աշխատանքների համար։





























