Եվրոպական մի շարք խոշոր քաղաքների իշխանությունները Եվրամիությանը կոչ են արել արգելել ֆիլտրով ծխախոտների վաճառքը։ Նախաձեռնությանը միացել են Բրյուսելը, Մյունխենը, Դուբլինը և Ջենովան։ Դրա մասին նոյեմբերի 12-ին հայտնել է Politico պարբերականը։
«Ծխուկները կազմում են Բրյուսելի ամբողջ աղբի ապշեցուցիչ 30%-ը։ Այդ թափոնները ոչ միայն փչացնում են քաղաքի տեսքը, այլև հսկայական բեռ են ստեղծում մաքրման ծառայությունների համար»,- հայտարարել է Բրյուսելի քաղաքապետարանի՝ մաքրության հարցերով ներկայացուցիչ Անաս Բեն Աբդելմումենը։
Քաղաքները միացել են «No (Plastic) Filter» արշավին, որն առաջ է մղում Հաագայի քաղաքապետարանը՝ Նիդերլանդների կառավարության և բնապահպանական կազմակերպությունների աջակցությամբ։ Նախաձեռնության մասնակիցները կարծում են, որ գործող կանոնները, որոնք ծխախոտային ընկերություններին պարտավորեցնում են վճարել թափոնների մաքրման համար, չեն օգնում հաղթահարել ծխուկներով շրջակա միջավայրի աղտոտումը։
Բրյուսելում ծխուկները կազմում են քաղաքային ամբողջ աղբի մոտ 30%-ը, իսկ Հաագայում դրանց մաքրման համար տարեկան մոտ 2 միլիոն եվրո է ծախսվում։ Ծխախոտների ֆիլտրերի մեծ մասն արտադրվում է ցելյուլոզի ացետատից՝ պլաստիկի մի տեսակից, որը դանդաղ է քայքայվում։
Արգելքի կողմնակիցները նշում են նաև, որ ֆիլտրերի՝ առողջության համար օգտակար լինելն ապացուցված չէ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աջակցում է դրանց արգելքին կամ դրանց օգտագործումից աստիճանական հրաժարմանը։ Ակտիվիստները հույս ունեն հասնել սահմանափակումների՝ ԵՄ երկու հրահանգների՝ ծխախոտային արտադրանքի և մեկանգամյա օգտագործման պլաստիկի վերաբերյալ դրույթների վերանայման շրջանակում։
Ծխախոտային ընկերությունները դեմ են նախաձեռնությանը։ British American Tobacco-ի ներկայացուցիչ Նեյթան Ջոնսը հայտարարել է, որ ֆիլտրերն օգնում են նվազեցնել որոշ թունավոր նյութերի ազդեցությունը և համապատասխանել արտանետումների եվրոպական նորմերին։ Միաժամանակ նա ընդունել է, որ անվտանգ ծխախոտներ գոյություն չունեն։





























