Չնայած Հին Եգիպտոսում կատուների պաշտամունքին՝ նրանցից շատերը կարող էին ապրել նեղվածքի մեջ, տառապել վարակներից, թերսնուցումից և վնասվածքներից։ Նման եզրակացության են հանգել հետազոտողները՝ ուսումնասիրելով Վիեննայի Բնության պատմության թանգարանի հավաքածուում պահվող հին եգիպտական կատուների 131 գանգ։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Journal of Archaeological Science գիտական հանդեսում։

Ուսումնասիրված մնացորդների տարիքը գերազանցում էր երկու հազար տարին։ Գիտնականները դրանք հետազոտել են՝ հայտնաբերելու համար վնասվածքներ, հիվանդություններ և այլ նշաններ, որոնք հնարավորություն կտային պատկերացում կազմել կենդանիների կյանքի պայմանների մասին։

Կատուների 62 տոկոսի մոտ ախտաբանական փոփոխություններ են հայտնաբերվել։ Առավել հաճախ հանդիպել են ատամների զարգացման խանգարումներ և լնդերի հիվանդություններ, սակայն հետազոտողները հայտնաբերել են նաև ապաքինված կոտրվածքներ, կծածի հետքեր և ոսկրերի ձևախախտումներ։ Որոշ կենդանիների ատամները բացակայել են, իսկ առանձին գանգերի վրա լուրջ վնասվածքների հետքեր են պահպանվել։

«Վնասվածքների մի մասը, հավանաբար, պատճառել են մարդիկ։ Ոսկրերի վրա հայտնաբերվել են վնասվածքներ, որոնք նման են սուր մետաղական առարկաներով հասցված հարվածների հետքերի։ Մյուս հետքերը կարող էին առաջանալ կենդանիների միջև կռիվների հետևանքով»,- պատմել են գիտնականները։

Հեղինակների կարծիքով՝ հիվանդությունների և վնասվածքների տարածվածությունը վկայում է, որ շատ կատուներ պահվել են նեղվածքի պայմաններում, հնարավոր է՝ մեծ թվով կենդանիներ պարունակող տարածքներում։ Դա կարող էր նպաստել վարակների տարածմանը, սննդանյութերի պակասին և մշտական սթրեսին։

Հետազոտողները ենթադրում են, որ կատուների մի մասին բուծել են հատուկ կրոնական ծեսերի և հետագա զմռսման համար։ Հին Եգիպտոսում կատուները համարվել են սրբազան կենդանիներ և կապվել Բաստետ աստվածուհու հետ։ Նրանց մումիաները որպես ընծա տաճարներ են տարել։