ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում են պատմության մեջ առաջին անգամ համատեղ հանդիպում անցկացնել Չինաստանի Շենչժեն քաղաքում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։ Բանակցությունների ծրագրերի մասին ուրբաթ հայտնել են Սպիտակ տանը, փոխանցում է Associated Press-ը։

Հանդիպման գլխավոր թեման կլինի միջուկային սպառազինությունների կրճատումը։ Թրամփը մտադիր է նաև Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների հետ քննարկել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը, հայտնում է CNN-ը։

Միևնույն ժամանակ, ըստ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, բանակցություններում Ուկրաինայի հարցը բարձրացնել չի նախատեսվում։

Սպիտակ տանն անհապաղ պայմանավորվածություններ չեն ակնկալում՝ հանդիպումը դիտարկելով որպես միջուկային զինաթափման շուրջ երկխոսության սկիզբ։

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական միջուկային սպառազինությունների սահմանափակման վերջին պայմանագիրը՝ ՌՀՍ-III-ը (New START), դադարել է գործել փետրվարին։

Թրամփն ավելի վաղ մերժել էր համաձայնագրի գործողությունը մեկ տարով երկարաձգելու Մոսկվայի առաջարկը՝ հայտարարելով Չինաստանի մասնակցությամբ նոր պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին։

Պենտագոնի գնահատականներով՝ Չինաստանն ունի ավելի քան 600 միջուկային մարտագլխիկ, մինչդեռ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն ունեն ավելի քան 5 հազարական մարտագլխիկ։ Պեկինը մինչ այժմ զգալի հետաքրքրություն չի ցուցաբերել միջուկային զինանոցների սահմանափակման մասին համաձայնագիր կնքելու հարցում։