Թուրքիան և Կատարն ուրբաթ օրը ստորագրել են փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը՝ Ստամբուլում Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ նրա հանդիպումից հետո։

«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ մենք կշարունակենք համատեղ աշխատանքը՝ Պարսից ծոցի տարածաշրջանում պատերազմի վերսկսումը կանխելու, երկխոսության համար հիմք ստեղծելու և խաղաղության հասնելու նպատակով», — ասվում է Թուրքիայի նախագահի գրասենյակի՝ X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։

Պաշտպանական համաձայնագրի մանրամասները չեն ներկայացվել։

Հայտարարության համաձայն՝ Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան և Կատարն աշխատում են էներգետիկ գործընկերության զարգացման և դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Երկու երկրները կընդլայնեն նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում ունեցած համագործակցությունը։

«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Կատարի միջև այսօր ստորագրված փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը նոր հարթություն կհաղորդի մեր եղբայրությանը», — հավելել են Թուրքիայի նախագահի գրասենյակում։