Մեծ Բրիտանիայի արևելքում՝ Սաֆոլք կոմսությունում գտնվող RAF Lakenheath ավիաբազայում, ԱՄՆ զինծառայողներին հրամայվել է պատսպարվել՝ բազայի վերևում անօդաչու թռչող սարքերի կասկածելի ակտիվության մասին հաղորդումներից հետո, հայտնում է BBC News-ը։ Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի տվյալներով՝ անձնակազմից ոչ ոք չի տուժել, ինքնաթիռներն ու բազայի ենթակառուցվածքները նույնպես չեն վնասվել։
«Երեկոյան ԱՄՆ ռազմաօդային ուժերի անվտանգության ստորաբաժանումների աշխատակիցներն արձագանքել են RAF Lakenheath-ի վերևում անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ չարտոնված ակտիվության մասին հաղորդումներին», — հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը շարունակում է համագործակցել բրիտանական իշխանությունների հետ՝ զինծառայողների, քաղաքացիական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Բազայի աշխատակիցներին նախազգուշացում է ուղարկվել՝ պատսպարաններում մնալու պահանջով։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գործողությունները համակարգում է շահագրգիռ կողմերի հետ և ամերիկյան զինվորականների հետ համատեղ պարզում տեղի ունեցածի հանգամանքները։ Ավելի ուշ իշխանությունները հայտարարել են, որ իրավիճակը կարգավորվել է։
Արևմտյան Սաֆոլքից ընտրված բրիտանական խորհրդարանի պատգամավոր Նիք Թիմոթին հայտնել է, որ կապ է հաստատել բազայի ներկայացուցիչների հետ։ Նրա խոսքով՝ բնակչությանը վտանգ չի սպառնում, իսկ միջադեպն ավարտվել է։
Միջադեպը Մեծ Բրիտանիայում ամերիկյան ռազմական օբյեկտներում անվտանգության միջոցառումների ուժեղացման հերթական դրվագն է՝ ենթադրաբար Իրանի հետ կապված սպառնալիքների մասին հաղորդումների ֆոնին։
Շաբաթվա սկզբին մոտակայքում գտնվող RAF Mildenhall ավիաբազայից օդ է բարձրացել առնվազն 12 ամերիկյան ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ երկու KC-135 լիցքավորող ինքնաթիռ։
Sky News-ի տվյալներով՝ առնվազն երկու ինքնաթիռ տեղափոխվել է RAF Lakenheath։ The Wall Street Journal-ը հայտնել է, որ ինքնաթիռների տեղափոխումը կապված է եղել Իրանի կողմից նոր սպառնալիքի հետ, սակայն BBC-ն չի կարողացել անկախ աղբյուրներով հաստատել այդ տեղեկությունը։
Հոկտեմբերին ԱՄՆ-ը նաև ռմբակոծիչներ է դուրս բերել RAF Fairford ավիաբազայից՝ սեպտեմբերին տեղի ունեցած միջադեպից հետո, որը, ըստ հաղորդման, Մեծ Բրիտանիայի վարչապետը կապել է Իրանի ենթադրյալ մասնակցության հետ։ Թեհերանը հերքել է իր առնչությունը։ Այդ միջադեպի կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել երկու տղամարդու նկատմամբ։
RAF Lakenheath-ը Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի խոշորագույն բազաներից մեկն է։ Այստեղ տեղակայված է 48-րդ կործանիչ ավիաթևը, որի կազմում ծառայում է շուրջ 7 հազար զինծառայող։





























