ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում նոր ռազմական գործողություններ իրականացնել Իրանի դեմ, քանի որ տնտեսական ճնշումն արդեն լուրջ վնաս է հասցրել թուլացած Իսլամական Հանրապետությանը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Ելույթ ունենալով «Ֆեդերալիստական ընկերության» (Federalist Society) անդամների առջև՝ Ռուբիոն վերահաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը։ Այս շաբաթ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, թե ռազմական առումով պատերազմը «փաստացի ավարտված է»։

«Եվ հիմա, անկեղծ ասած, այն տնտեսական կորուստները, որոնք մենք պատճառում ենք այս ռեժիմին, այնքան մեծ են, որ ռազմական գործողությունների կարիք այլևս չկա, քանի որ մենք նրան էապես թուլացրել ենք», — ասել է Ռուբիոն։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ, իր համոզմամբ, հաղթանակը նշանակում է երաշխավորել, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չի բերի։

Պետքարտուղարը նաև ընդունել է, որ պատերազմը տնտեսական դժվարություններ է առաջացրել հենց ամերիկացիների համար։ Ռազմական գործողությունները հանգեցրել են վառելիքի գների աճի և ազդել համաշխարհային տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա։

Ռուբիոյի խոսքով՝ Թրամփը կարող էր «անտեսել իրանական միջուկային ծրագրից բխող սպառնալիքը», խուսափել հանրային աջակցություն չվայելող պատերազմից և «այդ խնդիրը թողնել հաջորդ նախագահին»։ Սակայն Սպիտակ տան ղեկավարը որոշել է չհետաձգել դրա լուծումը։

«Բայց դա դժվար է։ Դա հեշտ չէ, և իրավիճակը շարունակում է բարդ մնալ։ Եվ հաճախ դա, գիտեք, ցավոտ հետևանքներ է ունենում՝ ինչպես տնտեսական, այնպես էլ այլ ոլորտներում։ Մենք դա հասկանում ենք», — հայտարարել է Ռուբիոն։