Ադրբեջանի խելամիտ ղեկավարները հազիվ թե լրջորեն մտածեն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին` վտանգելով ներդրումային գրավչությունը: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Երեւանում մայիսի 30-ի մամլո ասուլիսում:
Քաղաքագետն ընդգծել է, որ Սիրիայի եւ Իրանի շուրջ իրավիճակն ազդում է Կովկասյան տարածաշրջանում իրադրության վրա, ընդ որում նկատելի է, որ Թուրքիան փորձում է առաջատարը լինել իսլամական աշխարհում: Դեռեւս, ըստ քաղաքագետի, եթե որեւէ սադրանք տեղի չունենա, Իրանի դեմ ռազմական գործողությունների մասին չպետք է խոսել, քանի որ ցամաքային ուժերը պատրաստ չեն, իսկ օդից հարվածելու ազդեցիկությունը փոքր է:
«Տրամաբանական եւ էժան է ոչ թե ուղղակի ռազմական միջամտությունը, այլ ներքաղաքական անկայունության շրջանառությունը», - նշել է քաղաքագետը: Այդ համատեքստում մտավախություն կա Ադրբեջանի ակտիվացման, սակայն Բաքուն պետք է «յոթ անգամ չափի, հետո կտրի»: Քաղաքագետը կարծում է, որ փակուղու իրադրությունը կպահպանվի բանակցային գործընթացում:
Միաժամանակ նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը չի հրաժարվի Լեռնային Ղարաբաղի անկախությունից եւ կպայքարի ձեռքբերածի պահպանման համար: Նա նաեւ եզրակացրել է, որ ԼՂՀ-ի անվտանգության գոտու տարածքները վաղ թե ուշ կվերադարձվեն: Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, նրա համար կարեւոր է, որ բանակցությունները շարունակվեն, եւ Մոսկվան կարեւոր է համարում նրանց շարունակման համար հնարավորություն ստեղծելը:
Ըստ քաղաքագետի` Վլադիմիր Պուտինի օրոք Ռուսաստանի միջնորդական գործունեությունը չի դադարեցվի: Կոնստանտին Զատուլինը նաեւ ընդգծել է Հայաստանում ռազմակայանի դերը եւ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ում` Հայաստանի անվտանգության եւ տարածաշրջանում կայունության պահպանման առումով:



























