ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն ուրբաթ մեղադրել է Առևտրի նախարարությանը՝ Nvidia-ի հաճախորդ Megaspeed ընկերությունն արտահանման սահմանափակումների «սև ցուցակում» ընդգրկելու գործընթացը միտումնավոր ձգձգելու համար։ Ըստ CNN-ի՝ Բեսենթի հրապարակային հայտարարություններն ավելի են սրել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներսում ծագած հակամարտությունը, որը բռնկվել էր Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի պաշտոնաթողությունից հետո։
Իրավիճակին ծանոթ աղբյուրների փոխանցմամբ՝ Հուանգի հեռանալուց հետո Թրամփի խորհրդականներից ոմանք սկսել են քննարկել առևտրի նախարար Հովարդ Լաթնիկին պաշտոնանկ անելու հարցը։ Վարչակազմի անդամներն ու արտաքին խորհրդականները դիմել են ԱՄՆ նախագահին՝ մտահոգություն հայտնելով Լաթնիկի գործելաոճի վերաբերյալ։
Չնայած դրան՝ Սպիտակ տունն առայժմ շարունակում է աջակցել նախարարին։ Դեռ հինգշաբթի՝ Բեսենթի ելույթից առաջ տարածված հայտարարության մեջ նշվում էր, որ Թրամփը «լիովին վստահում է նախարարին և նորագույն պատմության ամենաբարեփոխիչ առևտրի նախարարի պարտականությունները կատարելու նրա կարողությանը»։ Թրամփն ու Լաթնիկը վաղեմի ընկերներ են, և աղբյուրների պնդմամբ՝ դեռևս պարզ չէ, թե նախագահն ի վերջո ինչ որոշում կկայացնի։
CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Բեսենթն ընդգծել է, որ վարչակազմի մի շարք կառույցներ, այդ թվում՝ Ֆինանսների նախարարությունը, Պետդեպարտամենտը, Պենտագոնն ու ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակը, կողմ են արտահայտվել Megaspeed-ն արտահանման «սև ցուցակում» ներառելուն։
Նրա խոսքով՝ այդ որոշումն իրականացնելու պատասխանատվությունը կրում է Լաթնիկի ղեկավարած Առևտրի նախարարությունը։ «Առևտրի նախարարությունը կարող է նման որոշում կայացնել։ Ինչ վերաբերում է ներքին ընթացակարգերին, ապա ճիշտ կլինի այդ մասին հարցնել հենց նրանց»,– նշել է Բեսենթը։
Նա նաև ակնարկել է, որ գերատեսչության անգործությունը հակասում է անձամբ Թրամփի հրահանգներին։ «Ինձ զայրացնում է այս ամենն այն դեպքում, երբ նախագահ Թրամփը շատ հստակ հասկացրել է, որ Չինաստանը չպետք է ստանա տեխնոլոգիական որոշակի շեմը գերազանցող Nvidia չիպերը»,– հայտարարել է ֆինանսների նախարարը։
«Նման չիպերի ցանկացած արտահոսք խիստ վրդովեցուցիչ է, քանի որ դա խոչընդոտում է արհեստական բանականության ոլորտում առաջատար դիրքեր գրավելու մեր հզոր ընկերությունների մրցավազքին և առավելություն է տալիս Չինաստանին»,– հավելել է նա։
CNN-ը մեկնաբանության համար դիմել է Առևտրի նախարարությանը։
Թրամփի վարչակազմի ներկայացուցիչներն արդեն տևական ժամանակ մտավախություն ունեն, որ Megaspeed-ը կարող է շրջանցել ամերիկյան օրենսդրությունն ու գերժամանակակից չիպեր մատակարարել Չինաստանին։ Ֆինանսների նախարարության պաշտոնյաները պնդում էին, որ ընկերությունը պետք է ընդգրկվի այսպես կոչված «Կազմակերպությունների ցանկում» (Entity List), որը վարում է Առևտրի նախարարությունը։ Ցանկում ընդգրկված ընկերությունների նկատմամբ կիրառվում են ամերիկյան ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումներ՝ ազգային անվտանգության հնարավոր սպառնալիքների հիմքով։
Վերջին օրերին գործն ավելի մեծ հնչեղություն է ստացել այն լուրերի ֆոնին, թե Ջենսեն Հուանգը կապի մեջ է եղել Megaspeed-ի աշխատակցուհու հետ, որին կասկածում են չինական հետախուզության հետ գործակցելու մեջ։ Խոսքը Megaspeed-ի ղեկավար Էլիս Հուանգի մասին է։
Աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Լաթնիկը, այդ կապերի մասին տեղյակ են եղել դեռևս ամիսներ առաջ։ Սակայն, չնայած նախազգուշացումներին, Առևտրի նախարարությունը մինչ օրս հրաժարվել է ընկերությունն ընդգրկել «սև ցուցակում», նշում են իրավիճակին ծանոթ աղբյուրները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր CNN-ը, անցյալ շաբաթ Սպիտակ տան Իրավիճակային կենտրոնում (Situation Room) կայացած լարված խորհրդակցության ժամանակ Բեսենթը սուր բանավեճ է ունեցել Լաթնիկի հետ՝ պահանջելով բացատրել, թե ինչու է նրա գերատեսչությունը խուսափում Megaspeed-ի դեմ սահմանափակումներ կիրառելուց։ Աղբյուրների պնդմամբ՝ Լաթնիկն այդպես էլ հստակ քայլեր ձեռնարկելու խոստում չի տվել։
Ուրբաթ օրը տված հարցազրույցում Բեսենթը չի հերքել, որ իր և առևտրի նախարարի միջև առճակատում է եղել։ «Մենք չենք հրապարակում Իրավիճակային կենտրոնում տեղի ունեցած խոսակցությունները»,– եզրափակել է նա։





























