ԱՄՆ դեմոկրատ սենատորներն Իլոն Մասկից պահանջել են պահպանել Ուկրաինայի համար SpaceX ընկերության Starlink և Starshield արբանյակային համակարգերի հասանելիության սահմանափակումների վերաբերյալ բոլոր փաստաթղթերն ու նամակագրությունը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով օրենսդիրների նամակին։
Սենատորներ Ջին Շահինն ու Քրիս Քունսը պահանջել են տրամադրել սեպտեմբերի 1-ից սկսած բոլոր նյութերը, այդ թվում՝ Մասկի, SpaceX-ի ղեկավարության, Սպիտակ տան և Պենտագոնի ներկայացուցիչների միջև նամակագրությունը։ Նրանց համոզմամբ՝ հոկտեմբերին և նոյեմբերին գրանցված խափանումները վկայում են, որ խոցելիություններ կարող են պահպանվել անգամ կապի այնպիսի համակարգերում, որոնցից կախված է ԱՄՆ կառավարության գործունեությունը։ Օրենսդիրները նաև մտահոգություն են հայտնել կենսական նշանակության ենթակառուցվածքների հասանելիությունը սահմանափակելու որոշումների կայացման անթափանցիկության առնչությամբ։
Ուկրաինացի զինվորականները ռազմաճակատում կապ ապահովելու համար օգտագործում են Starlink-ը, իսկ Starshield ռազմական համակարգը լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Հոկտեմբերի կեսերին ուկրաինական կողմի ներկայացուցիչները հայտնել էին անսպասելի սահմանափակումների մասին, որոնք, ըստ նրանց, բարդացրել էին հարվածային առաջադրանքների կատարումն ու դանդաղեցրել ռուսական անօդաչուների դեմ պայքարի համար նախատեսված որսացող դրոնների աշխատանքը։
Վաշինգտոնում տարաձայնություններ են առաջացել այն հարցի շուրջ, թե ով է կայացրել սահմանափակումների վերաբերյալ որոշումը։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Starshield-ի աշխատանքը սահմանափակելու կարգադրությունը տրվել էր Սպիտակ տնից։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վիճարկել է այս վարկածը՝ հայտարարելով, որ համակարգին Ուկրաինայի հասանելիության վերաբերյալ որոշումները կայացրել են SpaceX-ն ու Մասկը։ Մասկն իր հերթին նախկինում պնդում էր, որ Starshield-ի օգտագործման սահմանափակումները որոշում են ամերիկացի զինվորականները և, ի վերջո, ԱՄՆ նախագահը։
Հոկտեմբերի վերջին ուկրաինական կողմը հայտնել էր, որ Starlink-ն ու Starshield-ն աշխատում են բնականոն ռեժիմով։ Սակայն նոյեմբերի 12-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց ուկրաինական ռազմական ստորաբաժանումներում Starshield-ի աշխատանքի նոր խափանումների մասին։
Փաստաթղթերը պահպանելու պահանջը հնչել է այն պայմաններում, երբ դեմոկրատները, միջանկյալ ընտրություններում Կոնգրեսի նկատմամբ վերահսկողություն ստանալով, պատրաստվում են լայնամասշտաբ հետաքննություններ սկսել Դոնալդ Թրամփի վարչակազմի գործողությունների առնչությամբ։ Հունվարից, երբ Կոնգրեսի նոր կազմը կսկսի աշխատանքը, դեմոկրատները մտադիր են ուսումնասիրել Ուկրաինայում պատերազմի հետ կապված վարչակազմի քայլերը, այդ թվում՝ արբանյակային կապի հասանելիության սահմանափակման հանգամանքները։
Ավելի վաղ սենատորներն ու ամերիկացի այլ օրենսդիրներ արդեն բացատրություններ էին պահանջել SpaceX-ից և Պենտագոնից տեղի ունեցածի վերաբերյալ։ Նրանք նաև պահանջել էին հետաքննել, թե ով է արտոնել սահմանափակումները և ով իրավասություն ունի ռազմական գործողությունների ժամանակ անջատել կենսական նշանակության կապի համակարգերը։





























