ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններից հետո, որոնք ընկալվել են որպես ռազմական միջամտության սպառնալիք, Կուբան սկսել է նախապատրաստվել ամերիկյան հնարավոր հարձակմանը։ Կուբայական Granma գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ հայտարարել է երկրի նախագահ Միգել Դիաս-Կանելը։
«Մենք վճռական ենք և պատրաստ ենք հետ մղել մեր երկրի դեմ ուղղված օտարերկրյա ռազմական ագրեսիայի ցանկացած փորձ»,- շեշտել է Կուբայի ղեկավարը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Կուբան խաղաղ պետություն է և որևէ վտանգ չի ներկայացնում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար։
Դիաս-Կանելի այս հայտարարությունը հաջորդել է հինգշաբթի օրը ռադիոհաղորդավար Հյու Հյուիթին Թրամփի տված հարցազրույցին: Հարցին, թե արդյոք դիտարկում է Կուբան «ազատագրելու» նպատակով ռազմական միջամտության հավանականությունը, Սպիտակ տան ղեկավարը պատասխանել էր․ «Ես ուզում եմ Կուբայի հարցը լուծել նախքան պաշտոնս թողնելը»։
«Մենք շատ ուշադիր հետևում ենք զարգացումներին։ Կուբայում վիճակը ծայրահեղ վատ է։ Իրականում դա մի ձախողված տարածք է, պետություն՝ ինչպես կուզեք անվանեք»,- ասել է Թրամփը, որի նախագահության ժամկետն ավարտվում է 2029 թվականի հունվարին։
Առանց Թրամփի անունը հնչեցնելու՝ Դիաս-Կանելը քննադատել է ամերիկացի քաղաքական գործիչների կողմից Կուբայի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ արվող պարբերական հայտարարությունները։
Կուբայի նախագահը ելույթ է ունեցել Հավանայից հարավ գտնվող Բոյերոս շրջանում՝ Ազգային պաշտպանության օրվան նվիրված միջոցառման ժամանակ։ Դրան մասնակցել են նաև բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաև Կոմունիստական կուսակցության և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։
Այն բանից հետո, երբ հունվարին ԱՄՆ-ն Վենեսուելայում ռազմական գործողություն իրականացրեց՝ գերեվարելով ու Միացյալ Նահանգներ տեղափոխելով երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, Կուբան սկսել է պարբերաբար զորավարժություններ և պաշտպանական հարցերով խորհրդակցություններ անցկացնել։
«Համաժողովրդական պատերազմ» կոչվող կուբայական ռազմավարության շրջանակում զինվորականները ռազմական պատրաստության հիմունքներ են սովորեցնում նաև քաղաքացիական անձանց։ Այս հայեցակարգի նպատակն արտաքին հարձակման դեպքում բնակչությանը երկրի պաշտպանության գործին լայնորեն ներգրավելն է։
Թրամփը բազմիցս է ակնարկել Կուբա ռազմական ներխուժման հավանականության մասին։ Դեռ հոկտեմբերին՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ, նա ենթադրել էր, թե Իրանի դեմ մղվող պատերազմից վերադարձող ամերիկյան ռազմանավերը կարող են ուղղություն վերցնել դեպի Կուբայի ափեր ու տեղակայվել այնտեղ։ Ըստ Թրամփի տրամաբանության՝ դա կստիպեր կուբայական իշխանություններին անձնատուր լինել։





























