Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին վտանգ կա, որ Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքները պատշաճ ուշադրության չեն արժանանա։ Երկու երկրների միջև համաձայնագիրը բռնի տեղահանման հետևանքներին վերաբերող որևէ դրույթ չի պարունակում, իսկ քաղաքական պայմանավորվածությունների ստվերում տուժածների իրավունքները կարող են մղվել երկրորդ պլան։
Այս մասին նոյեմբերի 14-ին հայտարարել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ «Ձայներ ընդդեմ մոռացության․ զանգվածային հանցագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» խորագրով 5-րդ ամենամյա համաժողովի ժամանակ։
Սահակյանի դիտարկմամբ՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում հումանիտար հետևանքների քննարկումից անցում է կատարվում զուտ քաղաքական օրակարգի։ Դա լուրջ վտանգ է ստեղծում, որ տուժած անձանց իրավունքները կարող են դառնալ պետությունների միջև սակարկությունների առարկա։
Իրավապաշտպանը շեշտել է, որ հարաբերությունների կարգավորումը չպետք է իրականացվի մարդու իրավունքների և միջազգային արդարադատության հաշվին։
Նա նաև անդրադարձել է միջազգային իրավական կառույցների գործունեությանը քաղաքական միջամտության և այդ կառույցները լուսանցք մղելու խնդրին։ Սահակյանի խոսքով՝ արդարության ապահովման համար կենսական նշանակություն ունեցող անկախությունը միաժամանակ այդ կառույցները խոցելի է դարձնում քաղաքական ճնշումների նկատմամբ։





























