Հորմուզի նեղուցի արևելյան մասում նավթատար լցանավի վրա տեղի ունեցած պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, և նավը կորցրել է ընթացքը։ Այս մասին հայտարարել են իրանցի զինվորականները, հաղորդում է Tasnim-ը։
Իրանի ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) տվյալներով՝ նավն անտեսել է բազմաթիվ նախազգուշացումները, խախտել նավարկության սահմանափակումներն ու մտել արգելված գոտի։
Շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ ՌԾՈՒ-ն մանրամասնել է, որ նավթատարը վտանգավոր տարածքով անցել է լուսադեմին՝ նախապես անջատելով տեղորոշման և նույնականացման բոլոր համակարգերը։
Իրանի ռազմական գերատեսչությունը խստիվ զգուշացնում է, որ Հորմուզի նեղուցից արևելք սահմանված արգելքները խախտող և այդ գոտի մտնող ցանկացած լցանավ ականի վրա պայթելու և հրդեհվելու անմիջական վտանգի տակ է։
Բացի այդ, իրանական կողմը խիստ քննադատության է ենթարկել այն նավատերերին, որոնք դասեր չեն քաղում արգելքը խախտած մյուս նավերի դառը փորձից։ Զինվորականների խոսքով՝ հավատալով ԱՄՆ նախագահի մերկապարանոց հայտարարություններին և նավերն ուղարկելով ականապատված գոտի՝ սեփականատերերը պարզապես վտանգի են ենթարկում իրենց իսկ ներդրումները։





























