Կանադայի վարչապետ Մարկ Քարնին շաբաթ օրը հայտարարել է, որ Օտտավան և Վաշինգտոնը առաջընթաց են գրանցել առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններում։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օգոստոսին երկխոսությունը փակուղի էր մտել, փոխանցում է Associated Press-ը։
Նրա խոսքով՝ Եվրոպա և Ասիա մեկնելուց առաջ ինքը տևական զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
«Այս ուղևորությանը մեկնելուց անմիջապես առաջ ես բավականին երկար և բովանդակալից զրույց ունեցա նախագահ Թրամփի հետ։ Մենք առաջընթաց ենք գրանցում։ Երկկողմ համաձայնագիր կնքելու հնարավորություն կա, սակայն մենք դեռ չենք հասել վերջնակետին», — Մանիլայում լրագրողների հետ զրույցում նշել է Քարնին։
Ըստ նրա՝ զրույցին մասնակցել են նաև ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը և Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Սթիվեն Միլլերը։
Քարնին ընդգծել է, որ Կանադան չի համաձայնի այնպիսի պայմանագրի, որը վնաս կհասցնի իր ավտոմոբիլային արդյունաբերությանը․ այն առանց այդ էլ տուժել է Թրամփի սահմանած մաքսատուրքերից։
Երկու երկրների միջև բանակցությունները դադարեցվել էին օգոստոսին, երբ Վաշինգտոնը վերջին պահին լրացուցիչ պահանջներ էր առաջ քաշել։ Օտտավան դրանք անընդունելի էր համարել։ Արդյունքում ԱՄՆ-ը 50% մաքսատուրք էր սահմանել մոտ 20 միլիարդ դոլար արժողությամբ կանադական ապրանքների նկատմամբ, ինչին Կանադան սեպտեմբերին պատասխանել էր սեփական մաքսատուրքային միջոցառումներով։ Ավելի ուշ կողմերը վերսկսել էին երկխոսությունը։
ԱՄՆ-ի սահմանած առևտրային մաքսատուրքերը դարձել էին Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների թեմաներից մեկը։ Դեմոկրատները դրանք համարում էին գնաճի պատճառ և խոստանում հասնել սահմանափակումների չեղարկմանը։ Դեմոկրատների հաղթանակը Կանադային կանգնեցրել էր բարդ ընտրության առաջ՝ ընդունել համաձայնագիր, որը կնվազեցնի ամերիկյան մաքսատուրքերը, բայց կպահպանի դրանց մի մասը, թե շարունակել պայքարել լիարժեք ազատ առևտրի համար։
Ընտրություններից առաջ Թրամփը հայտարարում էր, որ երկրները «շատ մոտ են» համաձայնագրի կնքմանը։ Քարնին, իր հերթին, պնդում էր, որ Վաշինգտոնը հրաժարվել է կանադական մշակույթին, ֆրանսերենի պաշտպանությանը և այլ պետությունների հետ առևտրային պայմանագրեր կնքելու Օտտավայի իրավունքին վերաբերող որոշ պահանջներից։
ԱՄՆ-ի հետ առևտրային առճակատման ֆոնին Կանադան ընդլայնում է տնտեսական կապերն այլ տարածաշրջանների հետ։ Շաբաթ օրը Քարնին հայտարարել է, որ երկիրը գրեթե ավարտել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Ասոցիացիայի անդամ երկրների ընդհանուր բնակչությունը կազմում է գրեթե 700 միլիոն մարդ։ Ավարտվել են նաև Ֆիլիպինների հետ առևտրային պայմանագրի շուրջ առանձին բանակցությունները։
Կանադայի կառավարության գնահատականներով՝ ԱՍԵԱՆ-ի հետ համաձայնագիրը կարող է երկրի տնտեսությանն ապահովել գրեթե 2 միլիարդ կանադական դոլարի (մոտ 1,4 միլիարդ ԱՄՆ դոլար) աճ և ստեղծել շուրջ 14 հազար աշխատատեղ՝ հիմնականում գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում։ Օտտավան պատրաստվում է համաձայնագիրը ստորագրել հաջորդ տարի։
Ֆիլիպինների հետ առևտրային համաձայնագիրը, որը նույնպես նախատեսվում է ստորագրել հաջորդ տարի, կընդգրկի սակագնային դիրքերի ավելի քան 90%-ը։ Կանադայի կառավարության կանխատեսումներով՝ այն կարող է նպաստել մինչև 2035 թվականը դեպի ֆիլիպինյան շուկա կանադական արտահանման եռապատկմանը։
Քարնին մասնակցել է Իռլանդիայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որից հետո մեկնել է Մանիլա՝ ԱՍԵԱՆ-ի առաջնորդների հանդիպմանը։ Այնուհետև նա կայցելի Կամբոջա՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, և Չինաստան՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին։ Չինաստանում նա կհանդիպի նախագահ Սի Ծինփինի հետ։
Քարնիի կառավարության առանցքային նպատակներից մեկը մինչև 2035 թվականը ԱՄՆ-ից բացի այլ երկրներ կանադական արտահանման կրկնապատկումն է։ Առևտրային կապերի ընդլայնումն ուղղված է ամերիկյան շուկայից Կանադայի տնտեսության կախվածության նվազեցմանը։




























