Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը երկրում 26 տարի բնակվող 67-ամյա կույր նիգերիացի թոշակառուին առաջարկել է վերադառնալ «հայրենիք»՝ Հնդկաստան, որտեղ նա երբևէ չի եղել, հայտնում է The Guardian-ը։
Կինը դիմել էր իշխանություններին՝ մշտական բնակության իրավունք ստանալու խնդրանքով, սակայն մերժման նամակում գերատեսչությունը շփոթել է Նիգերիան և Հնդկաստանը։
Կոմֆորտը (անունը փոխված է) Մեծ Բրիտանիա է տեղափոխվել 2000 թվականին։ Դրանից կարճ ժամանակ անց սուր գլաուկոմայի պատճառով նա հանկարծակի կորցրել է տեսողությունը։
Երկրում ավելի քան 20 տարի ապրելուց հետո կինը Մեծ Բրիտանիայում մնալու թույլտվություն է ստացել՝ երկարաժամկետ բնակության կանոնների հիման վրա։ Այս ընթացակարգով միգրանտները պետք է 10 տարի շարունակ յուրաքանչյուր 30 ամիսը մեկ երկարաձգեն վիզան, որից հետո միայն կարող են դիմել մշտական բնակության իրավունք ստանալու համար։
Սակայն ՆԳՆ ղեկավար Շաբանա Մահմուդի՝ այս շաբաթ հայտարարած նոր կանոնների համաձայն՝ Կոմֆորտը հավանաբար ստիպված կլինի վիզան երկարաձգել ևս մոտ 20 տարի։ Նա մշտական բնակության իրավունք կկարողանա ստանալ միայն 80 տարին լրանալուց հետո։
Հաշվի առնելով կնոջ տարիքն ու հաշմանդամությունը՝ Migrant and Refugee Justice կազմակերպության իրավաբանները դիմել են ՆԳՆ՝ խնդրելով բացառության կարգով նրան մշտական բնակության իրավունք տրամադրել։ Համապատասխան դրույթները թույլ են տալիս բացառիկ հանգամանքներում արագացնել դիմումների քննարկումը։
Սակայն գերատեսչությունը մերժել է խնդրանքը։ Նամակի սկզբում նշվել է, որ կինը կարող է վերադառնալ Նիգերիա, որտեղ կան տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց աջակցող ծառայություններ։ Մինչդեռ փաստաթղթի եզրափակիչ մասում պնդում է արվել, թե նրա վիճակն այնքան էլ ծանր չէ, և Հնդկաստանում բուժման հասանելիության այնպիսի լուրջ սահմանափակումներ չկան, որոնք կարող են արդարացնել մշտական բնակության իրավունքի տրամադրումը։
Մերժման մասին տեղեկության հրապարակումից հետո ՆԳՆ աղբյուրները հայտնել են, որ գերատեսչությունը քայլեր է ձեռնարկում սխալն ուղղելու և նամակը կրկին ուղարկելու համար։
Միգրացիոն նոր կանոններն անհանգստացրել են իրավապաշտպան կազմակերպություններին։ Նրանց գնահատականներով՝ միգրանտների որոշ խմբերի համար մշտական բնակության իրավունք ստանալու սպասման ժամկետը կավելանա վեց անգամ։
Տեղեկատվության ազատության հարցման միջոցով Migrant and Refugee Justice կազմակերպության ստացած պետական տվյալների համաձայն՝ կենսաթոշակային տարիքի շատ մարդիկ դիմում են մշտական բնակության իրավունք ստանալու համար, սակայն կանոնների խստացման պատճառով կարող են չապրել մինչև այդ իրավունքը ձեռք բերելը։ ՆԳՆ փաստաթղթերում հիշատակված դիմումատուների թվում է Պակիստանից 103-ամյա մի կին, որը մշտական բնակության իրավունքին կկարողանա հավակնել միայն 123 տարեկանում։
«2022 թվականին ես այստեղ մնալու թույլտվություն ստացա՝ Մեծ Բրիտանիայում երկարաժամկետ բնակվելուս հիմքով։ Ես շատ տխուր եմ այն փաստից, որ հիմա գուցե ստիպված լինեմ սպասել ևս գրեթե 20 տարի՝ մշտական բնակության իրավունք ստանալու համար»,– պատմել է Կոմֆորտը։
«Ես ապրում եմ այս երկրում արդեն 26 տարի։ Այստեղ իմ տունն է, ես լավ հարմարվել եմ։ Ունեմ ընկերներ, հաճախում եմ իմ եկեղեցին, զբաղվում եմ կամավորական աշխատանքով։ Ես օրինապահ մարդ եմ և աղերսում եմ ՆԳՆ-ին գթասրտություն ցուցաբերել իմ հանդեպ ու մշտական կարգավիճակ տրամադրել հիմա, այլ ոչ թե ստիպել ինձ սպասել ևս 20 տարի»։
«Ես չեմ հասկանում՝ ինչու է ՆԳՆ-ն ասել, որ կարող եմ վերադառնալ Հնդկաստան։ Ես երբեք չեմ եղել այդ երկրում, և ինձ ոչինչ չի կապում դրա հետ»,– հավելել է նա։
Կոմֆորտի շահերը ներկայացնող Migrant and Refugee Justice կազմակերպության արշավների ղեկավար Նիկ Բիլսը նշել է, որ կինը կույր է, գրեթե 70 տարեկան և քառորդ դար ապրել է Մեծ Բրիտանիայում։
«Նա համապատասխանում է այն կանոններին, որոնք թույլ են տալիս նրան մնալ այստեղ, և նրան շարունակաբար վիզան երկարաձգել ստիպելը որևէ հանրային շահի չի ծառայում»,– շեշտել է նա։
Բիլսի խոսքով՝ կառավարությունը, խոցելի մարդկանց մարդավայել վերաբերվելու փոխարեն, կենտրոնացած է միգրացիոն քաղաքականության կոշտությունը ցուցադրելու վրա։ Նա կարծում է, որ մշտական բնակության իրավունքի տրամադրման կանոնները խստացնելու Մահմուդի ծրագրերն ավելի կվատթարացնեն իրավիճակը։
Կազմակերպության ներկայացուցիչը նաև մատնանշել է, որ պետական տվյալները վկայում են 80 տարեկանից բարձր անձանց ներկայացրած դիմումների մասին։ Նրա համոզմամբ՝ կառավարությունը պետք է բացատրի, թե ինչի է ակնկալում հասնել՝ տարեց միգրանտներին ստիպելով սպասել ևս երկու տասնամյակ։ Նա նաև կոչ է արել հրաժարվել մշտական բնակության իրավունքի տրամադրման նոր մոդելից՝ այն որակելով որպես դաժան ու հակաարդյունավետ։
Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ գերատեսչությունը սովորաբար չի մեկնաբանում առանձին գործեր։ Նրա խոսքով՝ երկրում մնալու թույլտվություն ստանալու բոլոր դիմումները քննվում են անհատապես՝ միգրացիոն կանոններին համապատասխան և հաշվի առնելով դիմումատուների տրամադրած տեղեկություններն ու ապացույցները։





























