Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ երկիրը կարող է մինչև 2050 թվականը դառնալ աշխարհի վեցերորդ խոշորագույն տնտեսությունը՝ 25 տարով առաջ անցնելով Goldman Sachs-ի կանխատեսումից։ Այս մասին նա ասել է նոյեմբերի 13-ին՝ Իսլամաբադում ելույթ ունենալով Pakistan Minerals Investment Forum 2026 ներդրումային համաժողովում, հայտնում է Dawn թերթը։
«Goldman Sachs-ի գնահատմամբ՝ մինչև 2075 թվականը Պակիստանը կդառնա աշխարհի վեցերորդ խոշորագույն տնտեսությունը։ Բայց ես կցանկանայի մի փոքր ուղղում անել. 2075 թվականի փոխարեն դա, Աստծո կամոք, տեղի կունենա մինչև 2050 թվականը», — հայտարարել է Շարիֆը։
Goldman Sachs-ի՝ 2022 թվականի դեկտեմբերին հրապարակած «The Path to 2075» զեկույցում վերլուծաբաններ Քևին Դեյլին և Տադաս Գեդմինասը գնահատել են 104 երկրների երկարաժամկետ տնտեսական հեռանկարները։ Ըստ հետազոտության՝ Պակիստանը, Նիգերիան և Եգիպտոսը բնակչության ակնկալվող աճի շնորհիվ կարող են մինչև 2075 թվականն ընդգրկվել աշխարհի խոշորագույն տնտեսությունների շարքում՝ համապատասխան տնտեսական քաղաքականություն վարելու և արդյունավետ պետական ինստիտուտների առկայության պայմաններում։
Շարիֆը Պակիստանի տնտեսական աճի հեռանկարները կապել է, մասնավորապես, հանքահումքային ոլորտի զարգացման և օտարերկրյա ներդրումների ներգրավման հետ։ Նա միջազգային ներդրողներին կոչ է արել չսահմանափակվել օգտակար հանածոների արդյունահանմամբ, այլ երկրում ստեղծել նաև դրանց վերամշակման և պատրաստի արտադրանքի թողարկման ձեռնարկություններ։
«Արդյունահանել Պակիստանում, վերամշակել Պակիստանում, արտադրել Պակիստանում, ապա արտահանել աշխարհի մյուս երկրներ», — այսպես է վարչապետը ձևակերպել այն սկզբունքը, որի վրա, նրա խոսքով, պետք է կառուցվի ներդրողների հետ համագործակցությունը։
Նրա խոսքով՝ երկրի կառավարությունը մտադիր է զարգացնել նավթավերամշակման ձեռնարկություններն ու ձուլարանները, ինչպես նաև մալուխների և հաղորդալարերի արտադրությունը։ Շարիֆը հատուկ ուշադրություն է դարձրել Ռեկո Դիկ նախագծին, որն ընդգրկում է պղնձի և ոսկու խոշոր չշահագործվող հանքավայրերից մեկը։ Երկար տարիների ձգձգումներից հետո արդյունահանման մեկնարկը սպասվում է 2028 թվականին։





























