ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ, հանրապետական Թոմ Քոթոնը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ Ռուսաստանի հետ հետագա բանակցություններն անիմաստ են։ Նրա գնահատմամբ՝ ՆԱՏՕ-ի երկրներից իրենց իսկ սահմաններից զորքերը հետ քաշելու Մոսկվայի պահանջը վկայում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խաղաղության հասնելու լուրջ մտադրություններ չունի։
«ՆԱՏՕ-ի զորքերը հետ քաշելու ՌԴ-ի պայմանն անհեթեթ է։ Պուտինը հերթական անգամ ապացուցեց, որ մտադիր չէ խաղաղության հասնել բանակցությունների միջոցով։ Այս փուլում հետագա բանակցությունները ֆարս են։ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը միայն այն ժամանակ, երբ հասկանա, որ չի կարող հաղթել։ Մենք պետք է օգնենք Ուկրաինային դա ապացուցել նրան», — գրել է Քոթոնը X սոցիալական ցանցում։
Սենատորի հայտարարությունը հնչել է այն հաղորդումների ֆոնին, ըստ որոնց՝ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունների ընթացքում Մոսկվան կրկին լայնածավալ պահանջներ է առաջ քաշել՝ կապված եվրոպական անվտանգության ճարտարապետության և Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության հետ։





























