ԱՄՆ-ում ավելի քան 2 հազար չվերթ է չեղարկվել վերջին 25 տարվա ընթացքում ավիահաղորդակցության համազգային ամենախոշոր դադարեցումից հետո, հայտնում է Associated Press-ը։

Ավիաընկերությունները փորձում են վերականգնել բնականոն աշխատանքը, մինչդեռ ուղևորները մնացել են օդանավակայաններում, իսկ պրոֆեսիոնալ և ուսանողական մարզական թիմերը ստիպված են շտապ այլընտրանքային փոխադրամիջոցներ փնտրել՝ նշանակման վայր հասնելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ խափանման պատճառը օդային երթևեկության կառավարման ազգային համակարգում նոր տեխնոլոգիաների ներդրումն է եղել։ Նոր սարքավորումները գերբեռնել են հնացած տեխնիկան՝ հանգեցնելով կապի պարբերական խափանումների և ռադարային տվյալների կորստի։ Արդյունքում ամբողջ երկրում ավիահաղորդակցությունը դադարեցվել է ավելի քան չորս ժամով։

Արևելյան ժամանակով ժամը 20։15-ի սահմաններում սահմանափակումների վերացումից հետո օդանավակայաններից փոքր թվով ներքին չվերթներ են իրականացվել։ Սակայն խափանման հետևանքները կարող են զգացվել ևս մի քանի օր։

Պաշտոնյաների գնահատմամբ՝ համակարգի բնականոն աշխատանքը պետք է վերականգնվի մինչև Գոհաբանության օրվա տոնական շրջանում զանգվածային ուղևորափոխադրումների մեկնարկը։

Ավիահաղորդակցության նախորդ համազգային դադարեցումը տեղի էր ունեցել 2023 թվականի հունվարին, երբ խափանվել էր ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) մեկ այլ կարևոր համակարգչային համակարգ։ Այն նախատեսված է օդաչուներին հնարավոր վտանգների և թռիչքի պայմանների փոփոխությունների մասին ծանուցումներ փոխանցելու համար։

Ներկայիս միջադեպը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից ի վեր ավիահաղորդակցության համազգային դադարեցման երկրորդ դեպքն է։