Ռուսաստանը հասկացնել է տվել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում թույլ չի տա Սիրիայի գործերին միջամտելու նախաձեռնություններ ընդունվեն: Նա նաեւ դեմ է հանդես եկել մոտ ժամանակներս Սիրիայի հարցով ԱԽ-ի նոր նստաշրջանի գումարմանը եւ նրա կողմից ազդելու որեւէ միջոցներ ձեռնարկելուն:

«Մենք միշտ ասել ենք, որ կտրականապես դեմ ենք սիրիական հակամարտությանը ցանկացած արտաքին միջամտության, քանի որ դա միայն կվատթարացնի իրադրությունն անկանխատեսելի հետեւանքներով», - հայտարարել է  Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գենադի Գատիլովը:

Նա հայտարարել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի դատապարտող հայտարարությունը Հուլայի ողբերգական իրադարձությունների վերաբերյալ, որն ընդունվել էր  Ռուսաստանի նախաձեռնությամբ գումարված  արտահերթ նիստում,  «բավականին ուժեղ ազդանշան էր սիրիական կողմերին», հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Մոսկվայի նման արձագանքն են հարուցել  Ֆրանսիայի նոր նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելլեի հայտարարությունները: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը չի բացառել Սիրիայում  ռազմական գործողությունները: Իսկ գերմանական դիվանագիտության ղեկավարը կոչ է արել ԱԽ-ի նոր նիստ գումարել:  Սիրիայում հնարավոր ռազմական գործողության մասնակցելու պատրաստություն են հայտնել Բելգիան եւ Ավստրալիան: Երկուսն էլ, իհարկե, նշել են, որ դրա համար ՄԱԿ-ի ԱԽ-ում միասնություն է անհրաժեշտ:

Ըստ Ռուսաստանի, միակ բանը, որ կարող է պետք գալ տվյալ փուլում, նոր, լրացուցիչ վերահսկողության ստեղծումն է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացի խաղաղ ծրագրի իրագործման համար: