Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում 35-ամյա տղամարդը մահացել է այն բանից հետո, երբ նրա բերանում պայթել է ավանդական ռասգուլա քաղցրավենիքում քողարկված ինքնաշեն պայթուցիկ սարքը։

Ոստիկանության տվյալներով՝ սարքը նախատեսված էր վայրի վարազների որսի համար։

Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի, Դինդորի շրջանում։ Ռաջենդրա Բարաուտիան գյուղի մյուս բնակիչների հետ նստած էր խարույկի մոտ, երբ նրանցից մեկը բերել է քաղցրավենիքի նմանվող մի բան, իսկ մյուսը փոխանցել է այն տղամարդուն։

«Այս տղամարդուն առաջարկել են ռումբ, որը տեղի ցեղային համայնքների որոշ ներկայացուցիչներ օգտագործում են վայրի վարազների որսի համար։ Այն պայթել է նրա բերանում», — AFP-ին պատմել է ոստիկանության աշխատակից Ռեքհա Սինգհը։

Տղամարդուն ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Հնդկական New Indian Express թերթի տվյալներով՝ առարկան մահացածին փոխանցել է Ռամաբհագատ Բարաուտիան՝ ասելով, թե դա ռասգուլա է։ Դա հնդկական հայտնի աղանդեր է՝ շաքարի օշարակով ներծծված կաթնաշոռային զանգվածից պատրաստված փափուկ, կլոր գնդիկներ։ Դրանք ավանդաբար ուտում են ամբողջությամբ։

Հնդկաստանի որոշ գյուղական շրջաններում վարազների որսի համար օգտագործվող ինքնաշեն սարքերը պատրաստում են խմորանման զանգվածից՝ ավելացնելով վառոդ, որը կարող են ստանալ ճայթռուկներից կամ այլ աղբյուրներից։ Երբ կենդանին կծում է այն, սարքը պայթում է։ Ավանդական քաղցրավենիքների հետ արտաքին նմանության պատճառով նման սարքերը կարող են վտանգ ներկայացնել նաև մարդկանց համար։

Միջադեպը ցնցել և անհանգստացրել է գյուղի բնակիչներին։ Ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու, որոնց մեղադրանք է առաջադրվել անզգուշությամբ մահ պատճառելու կամ այլ արարքով մահ պատճառելու համար, որը սպանություն չի որակվում։

Քննիչները դեռ չեն պարզել՝ պայթյունը կանխամտածված սպանության փո՞րձ էր, թե՞ չար կատակի հետևանք։

«Մենք չգիտենք՝ նպատակը սպանությո՞ւնն էր, թե՞ դա չար կատակ էր։ Դա պետք է պարզվի քննության ընթացքում», — հայտնել է Սինգհը։