ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը նախատեսում են նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում անցկացնել Չինաստանի Շենժեն քաղաքում։ Գագաթնաժողովի կազմակերպման ծրագրերի մասին հայտնել է Սպիտակ տունը, փոխանցում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը։

Հանդիպումը նախատեսվում է անցկացնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։ Եթե ծրագրերն իրականանան, երեք առաջնորդների բանակցությունները կդառնան այդ շաբաթվա առանցքային դիվանագիտական իրադարձություններից մեկը։

Ամերիկյան կողմի տվյալներով՝ բանակցությունների հիմնական թեմաները կլինեն միջուկային զինանոցների կրճատումն ու Իրանի շուրջ իրավիճակը։ Վաշինգտոնը հույս ունի սպառազինությունների վերահսկման հնարավոր պայմանավորվածությունների շուրջ երկխոսություն սկսել երեք խոշորագույն միջուկային տերությունների մասնակցությամբ։ Միաժամանակ ամերիկացի պաշտոնյաները չեն ակնկալում, որ առաջին հանդիպման արդյունքում հնարավոր կլինի որևէ համաձայնագիր կնքել։

Ակնկալվում է, որ Ուկրաինայի հարցը չի ընդգրկվի եռակողմ բանակցությունների օրակարգում։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Վաշինգտոնը հակամարտության կարգավորումը քննարկում է առանձին դիվանագիտական ուղիով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ, ուստի Չինաստանն այդ խորհրդակցություններում չի ներգրավվի։

Թրամփը նաև առանձին երկկողմ հանդիպում և աշխատանքային ճաշ կունենա Սի Ծինփինի հետ։ Դրանից հետո ԱՄՆ նախագահը Չինաստան կատարելիք այցը կեզրափակի Պուտինի և Սի Ծինփինի մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովով։